Երեք տարի ժամկետով ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի նախագահ է ընտրվել Հայաստանի Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Ազգային Ժողովի նախագահի տեղակալը նախ շնորհակալություն է հայտնել ներկաներին հանձնաժողովի նախագահի ընտրության հարցում իր հանդեպ ցուցաբերած վստահության և աջակցության համար, այնուհետև ելույթ ունեցել կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման վերաբերյալ:
Հակոբ Արշակյան (ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ, ՀԱՊԿ ԽՎ հանձնաժողովի նախագահ) - Մեր ընդհանուր խնդիրը միջազգային անվտանգության ոլորտում ծագող մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու հարցում միջոցներ մշակելն է, ինչպես նաև արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում խորհրդարանական փոխգործակցության ապահովման համար պայմանների ստեղծումը:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՐԵՍԻԱՅԻՆ ՀՍՏԱԿ ԵՎ ԿՈՆԿՐԵՏ ԱՐՁԱԳԱՆՔԵԼՈՒ ԿՈՉ
Հակոբ Արշակյանը մանրամասն անդրադարձել է 2021-2022 թվականներին ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանում առաջնահերթությունների իրականացման առաջընթացին, նշել, որ ստանձնելով նախագահությունը՝ Հայաստանը ճգնաժամային իրավիճակների արձագանքման մեխանիզմների արդիականացման, մոնիթորինգի, կանխատեսման և ճգնաժամային իրավիճակների կանխարգելման խնդիր է դրել: Այս համատեքստում Հակոբ Արշակյանը հիշեցրել է, որ Ղազախստանում տարեսկզբին հաջողությամբ և օպերատիվ իրականացված խաղաղապահ գործողությունը ցույց տվեց, որ ՀԱՊԿ-ն ունակ է միասնություն և համախմբվածություն դրսևորել, ինչը պետք է արտահայտվի նաև կազմակերպության ցանկացած այլ դաշնակից պետության նկատմամբ:
Հակոբ Արշակյանի համոզմամբ` Ադրբեջանի նոր հարձակումները կանխելու համատեքստում առանձնահատուկ դեր է վերապահվում Բաքվի սադրիչ հայտարարություններին միջազգային գործընկերների հասցեական և հստակ արձագանքին:
Հակոբ Արշակյան - Այս համատեքստում մենք կոչ ենք անում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մեր գործընկերներին` հստակ և կոնկրետ արձագանքել Ադրբեջանի ագրեսիային, որը խաթարում է խաղաղությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում: Ի դեպ, դա արել են Հայաստանի մի շարք միջազգային գործընկերներ, որոնք ՀԱՊԿ անդամ չեն: Անհրաժեշտ են արդյունավետ քայլեր՝ աջակցելու համաշխարհային հանրության ջանքերին՝ կանխելու նման գործողությունները, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերումը Հայաստանի Հանրապետության տարածքից:
ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ իր ելույթում անդրադարձել է ՀԱՊԿ գործունեությանը:
Անդրանիկ Քոչարյան (ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի՝ իրավիճակի մշտադիտարկմանը վերաբերող որոշումը, երբ արդեն կա անդամ պետության դեմ ագրեսիայի կատարված փաստ, բացարձակապես այն արդյունքը չէ, ինչն ակնկալվում էր կազմակերպությունից: Տպավորություն է, որ կովկասյան տարածաշրջանը, ավելի ճիշտ՝ Հայաստանի տարածքը, ՀԱՊԿ-ի համար չունի հավասար ռազմավարական նշանակություն:
Այս համատեքստում Անդրանիկ Քոչարյանը նույնպես հիշեցրել է Ղազախստանում հաջողությամբ իրականացված խաղաղապահ գործողությունը: Պատգամավորն առաջարկել է ՀԱՊԿ ձևաչափով հանդես գալ դատապարտող քաղաքական հայտարարությամբ՝ նշելով, որ Ադրբեջանն է եռակողմ հայտարարության, ինչպես նաև հրադադարի ռեժիմի խախտողը, և նրան պետք է ագրեսոր անվանել:
ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ԽՆԴՐԻՆ
Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն էլ ներկայացրել է տեղեկատվություն ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների հանդիպման և ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքի արդյունքների մասին: Նա նշել է, որ Հայաստանի Ազգային ժողովը ԵԱՀԿ-ի Քաղաքական հարցերի և անվտանգության ու Ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական հարցերի հանձնաժողովներին ներկայացրել է որոշ առաջարկներ, որոնք, սակայն, մերժվել են: Դրանցից մեկը վերաբերել է ռազմագերիների խնդրին, որը 2020 թ. նոյեմբերի 9-ից չի լուծվել:
Էդուարդ Աղաջանյան (ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ) - Դրան բազմիցս անդրադարձել են տարբեր միջազգային կազմակերպություններ, և մենք պատճառ չենք տեսնում, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը զերծ մնար այս թեմային անդրադառնալուց:
Օրակարգային հաջորդ հարցերը վերաբերել են կնքված միջազգային պայմանագրերի վավերացմանը, անդամ երկրներում ընտրական գործընթացների և ինքնիշխանության պաշտպանության ապահովման ոլորտում օրենսդրության կատարելագործմանն առնչվող նախագծերին, ընթացակարգային մի շարք հարցերի կանոնակարգմանն ու կազմակերպչական խնդիրներին: Հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա 2023 թ. գարնանը: