ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2023 թ. պետական բյուջեի քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց 12 պետական կառավարման մարմինների 2023 թվականի բյուջեի հիմնական ֆինանսական ցուցանիշները:
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի գծով նախատեսվող հատկացումները 2023 թվականին կազմում են 1 մլրդ 686 մլն դրամ, որոնք այս տարվա ճշտված 1 մլրդ 621 մլն դրամից ավել են մոտ 65 մլն դրամով:
ԱԺ-ի գծով հատկացումները 2023 թվականին պետական բյուջեի մասին օրենքի նախագծով կազմում են 6 մլրդ 920 մլն դրամ՝ 2022 թվականի ճշտված բյուջեով սահմանված 6 մլրդ 218 մլն դրամի և 2021 թվականի փաստացի 5 մլրդ 400.5 մլն դրամի դիմաց:
Վարչապետի աշխատակազմի գծով նախատեսված հատկացումները 2023 թվականին նախատեսված են 19 մլրդ 895.8 մլն՝ այս տարվա ճշտված բյուջեով սպասվող 21 մլրդ 883.7 մլն դրամի և 2021 թվականի փաստացի 24 մլրդ 84 մլն դրամի դիմաց:
«Հատկացումները պակասել են, որովհետև կան ծրագրեր, որոնք շարունակական չեն՝ աշխատակազմի միջոցով իրականացվելով կամ մասամբ 2021 թվականի համեմատությամբ իրականացվում են այլ գերատեսչությունների կողմից կամ եղել են մեկանգամյա, ավարտվել են, դրանց փոխարեն կան այնպիսիները, որոնք 2023 թվականին են այդպիսի բնույթ ունենալու»,- նշեց նախարարը:
ՍԴ -ի գծով 2023 թվականի նախագծով նախատեսված է 879 մլն դրամի ֆինանսավորում: 2022 թվականին սպասվում է 834.6 մլն դրամ, իսկ 2021 թվականի փաստացի ցուցանիշը կազմել է 879 մլն դրամ:
ԲԴԽ-ին նախագծով նախատեսվում է հատկացնել 16 մլրդ 668 մլն դրամ, 2022 թվականի բյուջեով սպասվում է 15 մլրդ 149 մլն դրամ, և 2021 թվականի փաստացի ցուցանիշը կազմել է 12 մլրդ 418 մլն դրամ:
Արդարադատության նախարարության գծով 2023 թվականին նախատեսվում է հատկացնել 26 մլրդ 35 մլն դրամի ֆինանսավորում՝ 2022 թվականի ճշտված բյուջեով նախատեսվող 21 մլրդ 510 մլն դրամի դիմաց, իսկ 2021 թվականի փաստացի ֆինանսավորումը կազմել է 19 մլրդ 430.4 մլն դրամ:
2023 թվականին Դատախազության գծով ֆինանսավորումը նախատեսվում է 7 մլրդ 623 մլն դրամ՝ 2022 թվականի ճշտված բյուջեով նախատեսվող 7 մլրդ 86 մլն դրամի դիմաց, իսկ 2021 թվականի փաստացի ֆինանսավորումը կազմել է 6 մլրդ 681.4 մլն դրամ:
ՊՎԾ-ի՝ գալիք տարում բյուջեի նախագծով ներկայացված ծախսերի հանրագումարը 1 մլրդ 400.8 մլն դրամ է կազմում. 2022 թվականին նախատեսված են 764.7 մլն դրամի ծախսեր, իսկ 2021 թվականի փաստացի ցուցանիշը կազմել է 676.7 մլն դրամ:
ՔԿ-ը 2023 թ. պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորման շրջանակներում կունենա 11 մլրդ 342 մլն դրամ ֆինանսավորում՝ այս տարվա համար սպասվող 9 մլրդ 755 մլն դրամի և 2021 թվականի փաստացի 8 մլրդ 78 մլն դրամի դիմաց:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2023 թվականին 753.5 մլն դրամ ֆինանսավորում կունենա՝ 2022-ին սպասվող 370 մլն դրամի և 2021 թվականին փաստացի 215 մլն դրամի դիմաց:
Հակակոռուպցիոն կոմիտեի գծով 2023 թվականի նախագիծը նախատեսում է 2 մլրդ 441 մլն դրամ ֆինանսավորում՝ այս տարվա համար սպասվող 1 մլրդ 14.6 մլն դրամի դիմաց: «2021-ին Հակակոռուպցիոն կոմիտեն չկար, քանի որ այն նոր ձևավորված կառույց է»,- նշեց Խաչատրյանը:
ԿԸՀ-ին 2023-ի ֆինանսավորմամբ կհատկացվի 1 մլրդ 376.8 մլն դրամ, 2021 թվականին սպասվում է 1 մլրդ 312.2 մլն դրամ, և 2021 թվականի փաստացի ֆինանսավորումը կազմել է 5 մլրդ 985.8 մլն դրամ: