Երևանն ու Թեհրանը վերահաստատում են ՝ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը այլընտրանք չունեն: Փաշինյան-Ռայիսի հանդիպման օրակարգում հայ -իրանական երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր են: Իրանի ղեկավարը կարևորում է Հայաստանի վարչապետի այցը իր երկիր՝ վստահություն հայտնելով, որ այն նպաստելու է հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը:
Սոչիի եռակողմ հանդիպումից ժամեր անց Հայաստանի ղեկավարի օդանավը վայրէջք է կատարում Իրանի Իսլամական Հանրապետությունում: Նիկոլ Փաշինյանը մեկօրյա աշխատանքային այցով Թեհրանում է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հրավերով:
Հայաստանի վարչապետին օդանավակայանում դիմավորեց Իրանի փոխնախագահ Մասուդ Միր Քազիմին:
Նիկոլ Փաշինյանի դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ Թեհրանի Սադաբադ պալատում:
ՕՏԱՐ ՈՒԺԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է. ՌԱՅԻՍԻ
Հարևանության քաղաքականությունը Իրանի կառավարության առաջնահերթություններից է: Էբրահիմ Ռայիսին հիշեցնում է վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած մի քանի հանդիպումները, նշում` դրանք ու հատկապես Հայաստանի վարչապետի այս այցը կնպաստեն երկրների միջև կապերի զարգացմանը հատկապես քաղաքական, տնտեսական ու անվտանգության ոլորտներում: Նախագահ Ռայիսին շեշտում է՝ կայունությունը Կովկասում Իրանի համար կարևոր նշանակություն ունի:
Էբրահիմ Ռայիսի (ԻԻՀ նախագահ) - Կովկասյան տարածաշրջանն Իրանի պատմական անցյալի մշակութային և քաղաքակրթության մի մասն է, և մենք շատ զգայուն ենք այդ տարածաշրջանի նկատմամբ: Տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումը շատ մեծ կարևորություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության համար: Պարոն Փաշինյանի հետ ունեցած բանակցություններում եկանք եզրակացության, որ տարածաշրջանի հարցերը, խնդիրները պետք է անպայման տարածաշրջանի երկրների պատասխանատուների միջոցով լուծում գտնեն: Օտար ուժերի ներկայությունը ոչ միայն որևէ խնդիր չի լուծում, այլև խնդիրներն ավելացնում է:
ՓԱՇԻՆՅԱՆԸ ՌԱՅԻՍԻԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՍՈՉԻԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Վարչապետ Փաշինյանը նշեց, որ Իրանի նախագահի հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել հայ-իրանական պատմական կապերին, նախագահ Ռայիսիին է ներկայացրել հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման արդյունքները:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մենք ընդգծում և գնահատում ենք Իրանի սկզբունքային դիրքորոշումները տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման առումով: Ես պարոն Ռայիսիին պատմել եմ երեկ Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքների մասին և կիսել եմ իմ տպավորությունները տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու օրակարգի և ընթացիկ գործընթացների շուրջ:
Կարևոր ենք համարում՝ իրանցի մեր գործընկերները տեղեկացված լինեն, թե ինչ է տեղի ունենում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համատեքստում, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համատեքստում:
ՀՀ-ԻՐԱՆ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 43 ՏՈԿՈՍՈՎ
Հայ-իրանական տնտեսական կապերի մասին. նախագահ Ռայիսիի խոսքով՝ վերջին ամիսներին երկկողմ առևտրաշրջանառությունը աճել է 43 տոկոսով: Նպատակը 3 մլրդ դոլարն է, որը, Իրանի նախագահի խոսքով, կիրականանա:
Էբրահիմ Ռայիսի - Տարածաշրջանի գործակցությունն է, որ երաշխավորելու է երկրների միջև ամբողջական և հարատև խաղաղություն: Հուսով եմ` այն համաձայնությունները, որ կայացվել են այս այցի ընթացքում, և որոշվել է, որ երկու երկրների պատասխանատուները պետք է ջանք չխնայեն այդ համաձայնություններն իրականացնելու ուղղությամբ, կնպաստեն մեր հարաբերությունների հետագա զարգացմանը, և մենք երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի ականատեսը կլինենք:
Նիկոլ Փաշինյան - Էներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների զարգացման, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում կան կոնկրետ հեռանկարներ, որոնց շուրջ խոսակցությունը պետք է առավելագույնս կոնկրետացնել: Եվ ես ուրախ եմ, որ այցը կոնկրետ արդյունք ունի:
Վարչապետի խոսքը վերաբերում է Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց պայմանագրի ժամկետը երկարաձգող հուշագրի ստորագրմանը:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Այցի ավարտին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին հրավիրեց Երևան: