ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և Եվրոպական միության նորարարության, հետազոտության, մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերով հանձնակատար Մարիա Գաբրիելը ստորագրել են ««Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027 թթ.) ՀՀ մասնակցության մասին» համաձայնագիրը:
Ըստ համաձայնագրի՝ Հայաստանը՝ որպես ասոցացված երկիր, մասնակցում է մշակութային և ստեղծագործ ոլորտներում ԵՄ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին՝ ներառյալ միջոլորտային հարթակի ստեղծմանն օժանդակող գործողություններին:
«Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027 թթ.) ՀՀ մասնակցության մասին» համաձայնագիրը հանդիսանում է նախորդ՝ «Ստեղծագործ Եվրոպա» (2014-2020 թթ.) ծրագրի շարունակությունը:
Նախորդ ծրագիրը մեծապես խթանել է Հայաստանում մշակույթի զարգացումը՝ ոլորտի ներկայացուցիչներին տարբեր դրամաշնորհային ծրագրերի մասնակցելու նոր հնարավորություններ ապահովելով:
Մասնավորապես՝ «Ստեղծագործ Եվրոպա» (2014-2020 թթ.) ծրագիրը նպաստել է ճարտարապետության, երաժշտության, գրականության, կատարողական արվեստի, հրատարակչության, ռադիոյի, տեսողական արվեստի և այլ ոլորտների զարգացմանը:
Համաձայնագիրն իրականացվում է 2005 թվականի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայով սահմանված՝ կողմերի պարտավորություններին համապատասխան։
Ակնկալվում է, որ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շարունակությունը կխթանի մշակութային և ստեղծագործ ոլորտների մրցակցությունը: