Հարավային Կորեան երեք հրթիռ է արձակել Ճապոնական ծովի միջազգային ջրերի ուղղությամբ՝ ի պատասխան ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումների: Այդ մասին հաղորդել է Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միավորված կոմիտեն: Այսօր Հյուսիսային Կորեան առնվազն 10 հրթիռ է արձակել Ճապոնական և Դեղին ծովերի ուղղությամբ:
Սակայն հրթիռներից մեկը հատել Է Հարավային Կորեայի հետ պետական ծովային սահմանը, թռել Ուլինդո հարավկորեական կղզու ուղղությամբ և ծովն ընկել կղզուց 167 կմ հեռու: Եվս մեկը ծովն է ընկել Ճապոնական ծովի ափին՝ Կանվոնդո նահանգից 57 կմ հեռու: Նախագահ Յուն Սուկ Յոլը դատապարտել է Փհենյանի այդ գործողությունները՝ դրանք համարելով Հարավային Կորեայի ինքնիշխան տարածքի խախտում, և կարգադրել շտապ միջոցներ ձեռնարկել, որպեսզի Հյուսիսին ստիպի՝ «պատասխանատվություն կրել սադրանքների համար»:
Հատկանշական է, որ արձակումները համընկել են Կորեական թերակղզու շրջանում ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զինված ուժերի ընդգրկուն համատեղ զորավարժությունների հետ: Փհենյանը նախօրեին նախազգուշացրել է, որ կարող է վճռական միջոցներ ձեռնարկել ի պատասխան վարժանքների անցկացման:
Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան