ԻՐԱՆՈՒՄ ԿԱՐՄԻՐ ԴՐՈՇ Է ԲԱՐՁՐԱՑՎԵԼ
Իրանի Կում քաղաքի Ջամքարան մզկիթի վրա բարձրացվել է «վրեժի» կարմիր դրոշը, ինչը հավասարազոր է պատերազմ հայտարարելուն՝ հայտնում է The Wall Street Journal-ը: Լրատվամիջոցի տվյալով՝ Իրանը շուտով կարող է հարձակում գործել Սաուդյան Արաբիայի և Իրաքյան Քրդստանի վրա։ Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ը և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ բարձրացրել են մարտական պատրաստականության մակարդակը։
Դրոշի բարձրացման պատճառները դեռևս չեն բացահայտվում։ Սակայն նշվում է, որ ավելի վաղ Թեհրանը մեղադրել էր Սաուդյան Արաբիային, Իսրայելին և ԱՄՆ-ին Իրանում բողոքի ակցիաներ կազմակերպելու համար։
Վերջին անգամ Իրանում կարմիր դրոշ էր բարձրացվել 2020 թվականի հունվարին՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո։
ԹՈՒՐՔԻԱՆ ՑՆՑՎԱԾ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԻՑ
Թուրքիան ցնցված է հացահատիկի գործարքին մասնակցությունը դադարեցնելու Ռուսաստանի որոշումից՝ հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարը։ Վահիդ Քիրիշչիի խոսքով՝ սևծովյան միջանցքով արդեն անցել է 421 նավ, փոխադրված բեռների ընդհանուր ծավալը կազմել է 9,7 մլն տոննա, եվրոպական երկրները ստացել են այդ բեռների 61%-ը, ասիական երկրները՝ 20%-ը, Աֆրիկան՝ 13%-ը։
Թուրքիայի պաշտպանության նախարարն էլ տեղեկացրել է, որ թուրքական դրոշի ներքո նավարկող բեռնատար նավերը կշարունակեն Ուկրաինայից սննդամթերք արտահանել՝ չնայած Մոսկվան դուրս է եկել հացահատիկի գործարքից։ Հուլուսի Աքարը հավելել է, որ Ռուսաստանը շարունակում է բանակցությունները ՄԱԿ-ի հետ ռուսական նավահանգիստներից այլ երկրներ հացահատիկ, սննդամթերք և պարարտանյութեր տեղափոխելու վերաբերյալ:
«Մենք ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին փոխանցել ենք հացահատիկի գործարքի վերաբերյալ Ուկրաինայի դիրքորոշումը, միջանցքի անվտանգության հետ կապված մտահոգություններ չկան»,- ասել է Աքարը:
Համատեղ համակարգող կենտրոնում ՄԱԿ-ի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ նոյեմբերի 2-ին Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի և պարենի արտահանում նախատեսված չէ: Ամիր Աբդոլլահիանը հույս է հայտնել, որ նոյեմբերի 3-ին գործընթացը կվերսկսվի:
Ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր, որ դուրս է գալիս հացահատիկի գործարքից՝ ի պատասխան Սևաստոպոլում ռազմանավերի և քաղաքացիական նավերի դեմ ուկրաինական ուժերի հարձակման:
25.5 ՄԼՆ ԵՎՐՈ՝ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆԸ
Վոլոդիմիր Զելենսկին էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների մոտ 40%-ը վնասվել է ռուսական ուժերի հարվածների հետևանքով։
Նա նշել է, որ իշխանությունները ջանքեր են գործադրում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ: Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է նաև, որ Ուկրաինայի ինը շրջանում պարբերաբար էլեկտրաէներգիայի անջատումներ են իրականացվում։
Կադրի Սիմսոնի Կիև այցից հետո Եվրահանձնաժողովը հայտարարություն է տարածել, որի համաձայն Եվրամիությունը 25,5 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային էներգահամակարգի կայունացման համար։
ԿԺԴՀ-Ն ԱՌՆՎԱԶՆ ՏԱՍԸ ՀՐԹԻՌ Է ԱՐՁԱԿԵԼ
Հյուսիսային Կորեան առնվազն 10 հրթիռ է արձակել՝ հայտում է Yonhap հարավկորեական լրատվական գործակալությունը: Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել:
Նախագահի գրասենյակից հայտնել են, որ Սոկ Յոլը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել, որ Հյուսիսային Կորեան «վճարի իր սադրանքների համար»։
Հրթիռների արձակման մասին հաղորդագրություններին անդրադարձել են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հնդկական-խաղաղօվկիանոսյան հրամանատարությունից:
«Վաշինգտոնը տեղյակ է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների արձակման մասին, սակայն Միացյալ Նահանգներին կամ նրա դաշնակիցներին անմիջական սպառնալիք չի տեսնում»,- ասված է հրամանատարության հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ ԱՄՆ-ը կշարունակի պաշտպանել Հարավային Կորեային և Ճապոնիային: