Ստորև ներկայացնում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի երկրորդ հատվածը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը.
«Հաջորդ հանգամանքը, որի մասին կուզենայի խոսել, 2023 թվականի հունվարի 1-ից միայն հավաստագրված բուժաշխատողները կկարողանան աշխատել առողջապահական համակարգում: Սա կրկին ՀՀ կառավարության ստանդարտներ սահմանելու քաղաքականության շատ կարևոր դրսևորում է: Ես առիթ ունեցել եմ այդ մասին խոսելու, բայց պիտի ևս մեկ անգամ արձանագրեմ, որ բոլոր ոլորտներում ստանդարտներ ունենալը զարգացման համար անկյունաքարային նշանակություն ունեցող հանգամանք է: Եվ մենք այս քաղաքականությունը շարունակելու ենք բոլոր հնարավոր և առաջին հերթին պետության անվտանգության հետ կապ ունեցող ոլորտներում: Ստանդարտ ասելով նկատի ունենք այն որակական չափանիշները, որոնք դնում ենք մեր ծառայողների նկատմամբ: Առաջիկայում կամավոր ատեստավորման համակարգ կսկսի գործարկվել Ոստիկանությունում, Ազգային անվտանգության ծառայությունում, Պետական պահպանության ծառայությունում, որի արդյունքում, այո, էլի աշխատավարձերի կրկնապատկման գործընթաց տեղի կունենա:
Կրկին եմ ասում՝ գործընթացը լինելու է կամավոր: Նրանք, ովքեր իրենց պատրաստ են զգում, հնարավորինս արագ 2023 թվականից կանցնեն այդ ատեստավորումը: Նրանք, ովքեր չեն անցնի ատեստավորումը, կշարունակեն աշխատել նախկին աշխատավարձերով, բայց դա անվերջ չի լինի: Ես չգիտեմ՝ գուցե 3 տարի ժամկետ կսահմանվի, և 3 տարվա արդյունքներով ինչպես հիմա հունվարի 1-ից առողջապահության ոլորտում հավաստագրում չունեցողը չի կարող աշխատել, այնպես էլ նույնը տեղի կունենա մեր մյուս ծառայություններում:
Շատ կարևոր եմ համարում այն ցուցանիշները և նպատակադրումները, որ մենք ունենք պաշտպանության ոլորտում: Պաշտպանության ոլորտի ծախսերը 2023 թվականին, 2018 թվականի համեմատ, աճում են 113 տոկոսով կամ 270 մլրդ դրամով: 2023 թվականին պաշտպանական ծախսերը կկազմեն 509 մլրդ դրամ կամ 1.2 մլրդ դոլար: Դուք տեղյակ եք, որ մենք բանակի բարեփոխումների գործընթաց ենք ձեռնարկել, արդեն իսկ օրենսդրական մի շարք փոփոխություններ ուղարկվել են Ազգային ժողով, և հույս ունեմ՝ առաջիկայում կընդունվեն: Դրանց նպատակը կրկին նույնն է՝ առաջինը, սահմանել ստանդարտ, և երկրորդը՝ սահմանել ստանդարտին համապատասխան աշխատավարձ: Այս ամբողջ գործընթացի նպատակը և իմաստը անցումն է պրոֆեսիոնալ բանակի, և իհարկե, ՀՀ պաշտպանունակության բարձրացմանը և մեծացմանը: Պիտի հատուկ ընդգծեմ, որ պաշտպանության ոլորտի ծախսերի էական ավելացումը և բարեփոխումները, մեր նպատակադրումը՝ անցնել պրոֆեսիոնալ բանակի որևէ ձևով չեն հակասում խաղաղության այն օրակարգին, որը որդեգրել է ՀՀ կառավարությունը: Բանակը պետության կարևորագույն ինստիտուտներից է, որը պետք է կայանա, և մենք խնդիր ունենք բարձր ստանդարտների բանակ ունենալ, մյուս կողմից ՝ դա որևէ կերպ չի հակասում խաղաղության օրակարգին:
Հայաստանի Հանրապետությունը հռչակված խաղաղության օրակարգը հետևողականորեն առաջ է մղելու և, հաշվի առնելով նաև հասկանալիորեն մեծ հետաքրքրությունը՝ ուզում եմ անդրադառնալ նաև նախորդ օրը Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը՝ ՌԴ նախագահի միջնորդությամբ, ավելի ճիշտ՝ իմ և Ադրբեջանի նախագահի հանդիպմանը: Արդյոք այդ հանդիպման արդյունքում կարո՞ղ եմ արձանագրել, որ քայլ արվեց խաղաղության օրակարգի իրականացման ուղղությամբ: Ես կարող եմ ասել՝ այո, միանշանակ, և դա շատ օգտակար և կարևոր հանդիպում էր: Իհարկե, հանդիպումն ունեցել է և՛ հրապարակային մաս, և՛ դռնփակ մաս, և շատ կարևոր հարցեր են հնչել: կարևոր էր նաև, և դուք տեղյակ եք, որ Հայաստանում այդ հանդիպումից առաջ որոշակի քննարկումներ էին ծավալվել, թե արդյոք Հայաստանի Հանրապետությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ, ճանապարհին գնում է այն հնարավոր ամենաօպտիմալ տարբերակով, որն առկա է դաշտում: Եվ խոսք էր գնում այն մասին, թե բովանդակային առումով իսկապես ինչքանով է կառավարության կողմից վարվող քաղաքականությունը կամ ավելի ճիշտ, բանակցություններում ներգրավված պաշտոնյաների վարած քաղաքականությունը համապատասխանում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի շահերին:
Կարծում եմ՝ Սոչիի հանդիպման կարևորագույն նրբություններից մեկն այս հարցի պատասխանն էր: Այդ հարցի պատասխանն այնպես չէր, որ Սոչիից առաջ չկար, պարզապես այս հարցի շուրջ քննարկումները դարձան մաքսիմալ հրապարակային, և մենք հիմա հրապարակային կարող ենք տեսնել, համեմատել, թե ինչքանով է մեր քաղաքականությունը համապատասխանում այն տեսլականին և շրջանակին, որն այսօրվա իրողությունների պայմաններում, ընդ որում, բարձրաձայնվում և առաջարկվում է նաև ընդդիմության կողմից: Սա շատ կարևոր հանգամանք է, և քանի որ քննարկվել է, գիտեք, տեղյակ եք, որ ահա, այսպիսի քննարկում կա՝ կա ռուսական առաջարկ կամ ռուսական հայեցակարգ, և կա ոչ ռուսական հայեցակարգ, և փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե ՀՀ կառավարության քայլերը հակասության մեջ են մտնում, պայմանական ասած, ռուսական հայեցակարգի հետ: Դա, իհարկե, այդպես չէ, և ես հիմա կարող եմ բացատրել, ներկայացնել, թե ինչու այդպես չէ: Որովհետև հնչել են հրապարակային հայտարարություններ, ես ինքս չէի կարող դա հրապարակայնացնել նախկինում, քանի որ ինչ-որ առումով կլիներ էթիկայի խախտում: Բայց քանի որ հայեցակարգերի հեղինակներն իրենք որոշակիորեն բացահայտել են, թե ինչումն է նրբությունը, ես կարող եմ արդեն այդ դիտանկյունից անդրադառնալ հարցին:
Դուք տեղյակ եք, որ Ռուսաստանի մեր գործընկերները հայտարարել են, որ իրենց կարծիքով՝ ճիշտ մոտեցումը կլինի այն, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգվի անորոշ ժամանակով: Սա հիմնավորվում է նրանով, որ այս պահին օբյեկտիվորեն չկա հնարավորություն գտնել մի կարգավիճակ, որը փոխընդունելի կլինի: Ընդ որում՝ պետք է խոստովանել, որ դա նոր վիճակ չէ, այսինքն՝ իմաստն այն է, որ կարգավիճակի հարցը հետաձգվի: Ինչքանո՞վ է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը համապատասխանում այս տեսլականի հետ:
Պիտի ասեմ, որ լիարժեք և 100 տոկոսով է համապատասխանում, և հենց սա է պատճառը, ընդ որում, մենք շատ քննադատվել ենք դրա համար, պարզապես չենք կարողացել բացահայտել, թե ինչու ենք այդպես վարվում մինչև այժմ, և շարունակում ենք բարձրացնել ի սկզբանե արձանագրելով, որ կա հարցի 3 կոմպոնենտ՝ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգություն, իրավունքներ և կարգավիճակ: Դուք նկատել եք, որ հետագայում հընթացս մենք «կարգավիճակ» բառը՝ որպես այսօրվա ամենօրյա լուծման խնդիր, փորձել ենք մի կողմ դնել: Ինչո՞ւ: Հենց այս տեսլականի բերումով, որովհետև մենք համաձայն ենք եղել, համաձայնվել ենք ռուսաստանցի մեր գործընկերների հետ, որ հիմա չարժե գնալ և փորձել լուծել այդ թեման, որովհետև դա կբերի անխուսափելի ճգնաժամի, և այստեղ է, որ ուրախ եմ, ես կարող եմ հիմա սա ասել:
Ընդ որում, այս մոտեցման համար այն ժամանակ մարդիկ մեզ քննադատում էին, որոնք էլ այսօր քննադատում են այս մոտեցումը չունենալու համար։ Ավելին ասեմ, ինչպես հրապարակային խոստացել էի եռակողմ բանակացությունների ընթացքում, ես նաև առաջարկել եմ, հայկական կողմը` արտգործնախարարն է աշխատել այդ անմիջական տեքստի վրա, և թիմ է աշխատել, մենք հետևողական, մաքսիմալ ինչքան հնարավոր է մինչև այն կետը պնդել ենք հենց Սոչիի եռակողմ հայտարարության ժամանակ հղում կատարվի, արդեն վերնագիրն է հայտնի, բովանդակությունն էլ մասնակի ռուսական առաջարկներին։ Բայց ըստ էության ինչ-որ առումով նաև ռուսաստանցի մեր գործընկերների հորդորով փորձել ենք ավելի ճկուն լինել իրավիճակը փակուղային չդարձնելու համար։ Հաջորդ խնդիրը, որի մասին հրապարակային ասել էի և հետահայաց եմ ուզում ասել՝մենք նաև առաջարկեցինք, որ հենց Սոչիում, տեղում որոշում կայացվի Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղապահների մանդատը երկարացնել անորոշ ժամանակով, 20 տարով, 15 տարով, 5 տարով և այլն։
Պետք է ասեմ, որ ինչպես արդեն ակնհայտ է բոլորիդ համար, այդ առաջարկը չընդունվեց, բայց նաև պետք է արձանագրեմ, իմ ընկալմամբ, հարցը դարձավ օրակարգային, չնայած որ հարցը այսպես թե այնպես օրակարգային է: Ես ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել հետևյալ փաստի վրա, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների ժամկետը երկարացվում է ինքնաբերաբար, այսինքն դա կարող է չերկարացվել միայն, եթե կողմերից որևէ մեկն առարկություն ներկայացնի ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ։
Ինչո՞ւմն է հետևաբար նորությունը. նորությունը հետևյալն է՝ խաղաղապահների մանդատը երկարացնել, ֆիքսել, որ նույնիսկ այդ առարկության ինստիտուտը պետք չէ կամ այս պահից հնարավոր է հաղթահարել և երկարաժամկետ առումով ունենալ խաղաղապահների ներկայություն։ Այդ մեր առաջարկն այս փուլում չընդունվեց, բայց իմ տպավորությամբ, դա մի հարց է, որ ինչ-որ առումով դառնում է օրակարգային և ես լիարժեք համաձայն եմ և կարծում եմ՝ ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխավորման կարևորագույն գործոնը խաղաղապահների ներկայությունն է այնտեղ, քանի դեռ չեն ստեղծվել անվտանգության և իրավունքների ապահովման հուսալի մեխանիզմներ և երաշխիքներ։
Ուզում եմ հետևյալն ասել, որը շատ կարևոր արձանագրում է. կրկին եմ ասում, քանի որ հարցը շատ շերտեր ունի և կարող է այլ տպավորություն ստեղծվել, ես ուզում եմ ասել, որ մեր քաղաքականությունը Սոչիից առաջ և Սոչիից հետո ոչ մի, նույնիսկ նվազագույն փոփոխություն չի կրել, որովհետև մեր քաղաքականությունը եղել է դա և շատ ուրախ եմ, որ Սոչիում ըստ էության վերահաստատվեցին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները, այսինքն ես իմ կողմից վերահաստատեցի, բայց մյուս կողմից այդ պայմանավորվածությունների որևէ հերքում կամ բացառում չեղավ, առնվազն փաստաթղթի մեջ արձանագրված և մենք շարունակելու ենք մեր ակտիվ գործունեությունը խաղաղության օրակարգի իրականացման կամ իրագործման շուրջ։ Ես հիմա չեմ ուզում շատ նրբությունների անդրադառնալ, կարծում եմ, որ սեպտեմբերի 13-ի ագրեսիային և նախորդ տարվա մայիսի 12-ի ագրեսիային մենք անդրադարձել ենք բավարար չափով և դիրքորոշումները հրապարակային արտահայտել ենք և չեմ կարծում, թե հիմա նորից նույնը կրկնել, առավելևս, որ միջազգային ամենաբարձր հարթակներում այդ դիրքորոշումը արտահայտվել է: Ես դա չեմ ուզում կրկնել։
Ես ուզում եմ մի կարևոր հանգամանքի վրա հրավիրել մեր ուշադրությունը՝ խաղաղության օրակարգի առաջմղման և տարածաշրջանային մեր հարաբերությունների առումով։ Վիճակագրորեն չեմ ճշտել այսպիսի վիճակագրություն նախկինում երբևէ արձանագրվել է, թե՝ ոչ, բայց համենայնդեպս սա սովորական վիճակագրություն չէ և կարծում եմ՝ արժանի է արձանագրելու, որ 2022 թվականը բացառիկ է նրանով, որ Հայաստանի ղեկավարն ուղիղ շփումներ է ունեցել առանց բացառության բոլոր հարևան երկրների ղեկավարների հետ, հեռախոսազրույցներ, հանդիպումներ, իհարկե մի մասի հետ շատ։
Օրինակ, երեկ կարծում եմ շատ կարևոր աշխատանքային այց ունեցա Իրանի Իսլամական Հանրապետություն և այնտեղ Իրանի Իսլամական Հանրապետության հարգարժան նախագահի հետ արձանագրեցինք, որ նախորդ տարվա օգոստոսից հետո 4 անգամ երկկողմ ֆորմատով հանդիպում ենք ունեցել: Վրաստանի հետ մեր շփումները պարզ են, Ադրբեջանի հետ մեր շփումների մասին գիտեք և շատ կարևոր եմ համարում, որ այս տարի և հեռախոսազրույց և հանդիպում ենք ունեցել Թուրքիայի ղեկավարի հետ: Սա չափազանց կարևոր է։
Եվ ուզում եմ ասել, որ օրինակ, եթե դուք հարցնեք, շատ լավ, հանդիպումը հանդիպում, բայց իրադրության որևէ փոփոխություն ունե՞նք, թե՞ չունենք։ Կարծում եմ, որ ունենք իրադրության մի շատ կարևոր փոփոխություն, որն ինքնին խորը և շատ գործնական և առարկայական արդյունք չէ, բայց նաև վերլուծելով իրավիճակը հասկացա, որ օրինակ՝ օգոստոս-հոկտեմբեր ամիսներին Թուրքիայի հետ հարաբերություններում մեր կոմունիկացիոն բարդույթները և բարդությունները հաղթահարված են։
Սա կարող է շատ թույլ և ոչ էական բան թվալ, բայց հավաստիացնում եմ ձեզ, կարծում եմ՝ միշտ և բոլոր դեպքերում նախկինում այդ հարցը եղել է՝ հանդիպել-չհանդիպել, խոսել-չխոսել, որը շատ մեծ գործնական նշանակություն է ունեցել։ Այսօր այդ հանգամանքը, այդ բարդությունն, ըստ էության, վերացված է և ոչ միայն կառավարության մակարդակով, այլև հանրության մակարդակով, որը շատ էական է, որովհետև կառավարությունն այնուամենայնիվ միշտ հանրային որոշակի ընկալումների համատեքստում է գործում և սա մեծ հաշվով ոչ շատ առարկայական, բայց կարևոր և էական փոփոխություն է և մենք հետևողական շարունակելու ենք առաջ շարժվել խաղաղության օրակարգի իրացման ուղղությամբ։
Վերջին իրադարձությունների առումով շատ կարևոր եմ համարում, որ այնուամենայնիվ միջազգային հարթակներում մեզ հաջողվեց, հաջողվում է այն դիրքորոշումը, որը մենք ունենք, 2020 թ. արձանագրել ենք, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև կա սահման և այդ սահմանը արձանագրված է 1991թ. Ալմա Աթայի հռչակագրով և հարակից փաստաթղթերով։ Սա չափազանց կարևոր նրբություն է, որովհետև եթե չկա սահման՝ կարելի է ասել, որ չկա ագրեսիայի փաստ, և Սոչիում, և Պրահայում արձանագրվել է սահմանի առկայությունը, դրանով ինքնին արձանագրվել է ագրեսիայի փաստը՝ սրանից բխող միջազգային արձագանքներում։ Օրինակ, Պրահայի արդյունքներով՝ Եվրամիության դիտորդների գործուղումը Հայաստան հնարավոր դարձավ միայն նրանից հետո, երբ արձանագրվեց 1991 թ. սահմանը: Եթե չլիներ այդ սահմանը՝ եվրոպացիների մոտ հարց էր ծագելու, գալու ենք ի՞նչը դիտենք, եթե մենք չունենք բազային տվյալը՝ ո՞նց ենք որոշելու, ով որտեղ է կանգնած, ինքանով է ճիշտ, կամ սխալ կանգնած։ Այս առումով նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հանրությանը, որովհետև ակնհայտ է, որ մենք հիմա մեր հանրության հետ գտնվում ենք նույն ալիքի վրա, թե մենք ուր ենք շարժվում, ինչ խնդիր ենք դրել մեր առաջ և ինչ քայլերով պետք է իրականացնենք այդ խնդիրը։
Հարգելի գործընկերներ,
շարունակելով ինստիտուցիոնալ բարեփոխումների թեման պետք է ասեմ, որ 2023-ին մեզ սպասում են երկու կարևոր կառուցվածքային ինստիտուցիոնալ փոփոխություններ, առաջինը՝ Ներքին գործերի նախարարության և երկրորդը՝ Արտաքին հետախուզական ծառայության ստեղծումը։ Երկու օրենսդրական փաթեթներն էլ առաջիկայում կնդունվեն կառավարության կողմից և կուղարկվեն Ազգային ժողով: Հույս ունեմ և աջակցություն եմ ակնկալում։
Իհարկե, Արտաքին հետախուզական ծառայության ստեղծումը չափազանց կարևոր եմ համարում, բայց նաև ուզում եմ ասել՝ մեր բազմաթիվ քննարկումների արդյունքում եկել ենք հետևյալ եզրակայության, որ Արտաքին հետախուզական ծառայության գործունեությունը ստանդարտ մեր պետական կառավարչական հիմնարկների գործունեության տրամաբանության մեջ պետք է չլինի, հակառակ դեպքում ինքն իր իմաստը կկորցնի։ Եվ այստեղ գաղտնիության էլեմենտները գուցե ավելի շատ թվան և դա ընդամենը ինստիտուտի կայացման նպատակադրումով է արված և խնդրում եմ նաև ձեր ըմբռնումն ու աջակցությունը այս մոտեցման նկատմամբ։
Իհարկե, Ներքին գործերի նախարարության ստեղծման հարցը բազմիցս հրապարակային քննարկվել է, եթե չեմ սխալվում նաև Ազգային ժողովում է այդ թեմայով լսումներ եղել և մենք այդտեղ էլ համոզված ենք, որ շատ կարևոր բարեփոխում ենք իրականացնում։ Իհարկե, զուգահեռաբար Հայաստանում տեղի է ունենում Պարեկային ոստիկանության ներդրումը, որն արդեն իսկ պետք է ասենք՝ Ոստիկանության ծառայության նոր ստանդարտ սահմանելու առաջին քայլն է։ Նաև ուզում եմ ասել, որ նույն Պարեկային ոստիկանության աշխատանքի որակի նկատմամբ մեր պահանջները շարունակաբար պետք է ավելանան, որովհետև այո, մենք ստեղծեցինք, տեսանք, գոհունակությամբ արձանագրեցինք դրական փոփոխությունները։ Բայց պետք է հասկանանք, որ դա կենդանի պրոցես է և պարեկի աշխատանքի որակը, օրինակ, 2021թ. ընդունելի է, կարող է 2024 թ. այլևս ընդունելի չլինել, որովհետև մենք անգամով ավելի որակյալ աշխատանք կարող ենք արձանագրել։
Հարգելի գործընկերներ,
ամփոփելով, ուզում եմ անդրադառնալ նաև մարտահրավերներին, որովհետև շատ լավ է, որ մենք այս տարին վստահաբար երկնիշ տնտեսական աճով ենք ամփոփելու և հաղթահարելու ենք ըստ էության այն բարձր աճի բացը, որ ունեցել ենք 2020 թ.։ Սա պատմության միայն մի մասն է, որովհետև մենք նպատակադրում ունենք նաև 2023-ին առնվազն 7 տոկոս տնտեսական աճ ապահովել, բայց սա ավելի դժվար է, որովհետև այդ 7 տոկոս աճը պետք է ապահովել 14 տոկոս աճի վրա և այստեղ է հիմնական խնդիրը, բայց ես դա համարում եմ լուծելի խնդիր։
Ընդ որում, կրկին կառավարության մեծագույն դերը պետք է լինի հետևյալը՝ չխանգարել տնտեսությանը, որպեսզի նա աճ ապահովի։ Այս տեսական թեզը գործնականում անընդհատ իրագործվում է, 2018թ-ից, ես նախկինում ավելի ուշադիր չեմ եղել, գուցե նախկինում էլ էր այդպես, եթե ուշադրություն դարձնեք, օրինակ, իրական աճը միշտ ավելին է եղել, թերևս 2020 թ. է բացառություն եղել, քան մեր պետական մարմինները կանխատեսում էին: Նույնիսկ միջազգային կազմակերպությունների կանխատեսումները և 2019 թ., և 2020 թ., և 2021 թ., առավել ևս 2022 թ. գերազանցել են։ Դա ինչից է, էլի եմ ասում մեր կառավարության դիրքորոշումը երբեք չի եղել, որ մենք պետք է աճ ապահովենք, աճը պետք է ապահովի մասնավոր հատվածը, մենք պետք է ստեղծենք դրա համար բոլոր պայմանները։
Այստեղ էլ ուզում եմ ընդգծել, որ մենք խնդիրներ ունենք այս ոլորտում, մասնավորապես, նախ պետք է արձանագրեմ, որ 2023 թ. բյուջեում կապիտալ ծախսերի աննախադեպ ցուցանիշ ունենք՝ 558 մլրդ դրամ, որը 2018 թ. նկատմամբ քառապատկվել է, չորս անգամ ավելացել է: Իհարկե, այստեղ կան որոշակի առանձնահատկություններ։ Բայց նաև ուզում եմ ասել, որ մենք այսօր արդեն տեսնում ենք, որ մասնավոր հատվածը գերբեռնված է և մասնավոր հատվածում խնդիրներ ունենք։ Մենք մտավախություններ ունենք, որ ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների և այլ պետական ծրագրերի շինարարության մեջ կարող ենք ունենալ պրոբլեմներ, ինչո՞ւ, որովհետև կարող են շինարարական կազմակերպությունները չհասցնել պետության պատվերները կատարել։
Ավելին, մենք հիմա շատ խորը ինստիտուցիոնալ խնդիրների առաջ ենք կանգնում, որովհետև պարզվում է, որ 14 տոկոս շինարարության աճը բավարար է, որպեսզի մեր երկրում, օրինակ՝ ցեմենտի, քարի և այլ շինանյութի դեֆիցիտ արձանագրվի։ Այստեղ էլ ինստիտուցիոնալ պրոբլեմի խնդիր կա, որովհետև հիշում եմ մեր բանավեճերն այն մասին, որ օրինակ, ցեմենտի արտադրության ոլորտում պետք է որոշակի արտոնություններ սահմանել, հնարավորություններ տալ և այլն: Բայց հետո պարզվեց, վերջերս ինձ համար շատ զարմանելի ձևով պարզեցի, որ այն ընկերությունները, կամ նրանց մի մասը, որոնց մենք ժամանակին օգնել ենք, հնարավորություններ ենք ստեղծել, արտոնություններ ենք ստեղծել, որպեսզի նրանք ապրեն, զարգանան, այս ցեմենտի դեֆիցիտի շրջանում իրենք շարունակել են ապրել իրենց սովորական կյանքով, երբ ակնկալում են, որ կառավարությունն էլի պետք է իրենց օգնի, այն պայմաններում, երբ շուկան հստակ ցեմենտի պահանջարկ ունի։
Այստեղ ուզում եմ ասել, որ արտոնություններ տալիս պետք է շատ զգույշ լինենք, իհարկե պետք է վերլուծվի, չեմ ուզում վերջնական հետևություններ անել, բայց կրկին եմ ասում՝ մենք պետք է աջակցենք առողջացմանը և զարգացմանը։ Չպետք է, այսպես ասած, տնտեսությունում պալիատիվ քաղաքականություն վարել, որը իմ կարծիքով, ահավոր բան է, որը միայն վնաս է բերում։ Այսինքն՝ մենք օգնենք ընկերություններին, որպեսզի իրենք ուղղակի գործի գնան գան և տնտեսությանը անհրաժեշտ արդյունք չապահովեն դա իմ կարծիքով մի քաղաքականություն է, որից մենք պետք է հրաժարվենք։
Նույն խնդիրներից էլի կան, որ մենք ուզում ենք տեղական արտադրության քարերի օգտագործումը պետական ծրագրերում ավելացնել, որը և որակի, և տնտեսության հարց է լուծում, պարզվում է, որ քարերի երկիր Հայաստանում քարեր չկան: Սա արդեն աբսուրդ իրավիճակ է, և պատճառը կրկին նույնն է, երբ մենք ունեցել ենք իրավիճակներ, երբ հանքերը բաժանվել են, մեջ-մեջ են արվել առանց պատշաճ ձևակերպումների, տնտեսական բանաձև չի դրվել հիմքում։ Կարճ ասած՝ տնտեսական հայտնի պրոբլեմները, որ իմ խոսքի առաջին մասում ասացի, որ մենք մեծապես հաղթահարել ենք, բայց այդ պրոբլեմները մինչև այսօր կան, գոյություն ունեն և մենք պետք է մեր քաղաքականությունը վարենք հետևողական այդ խնդիրները լուծելու համար։
Ես խնդիրը տեսնում եմ այսպես. 2023 թ. մենք պետք է գնանք այդ ճանապարհով և ապահովենք 7 տոկոս տնտեսական աճ, ապահովենք կայունություն Հայաստանի Հանրապետության շուրջ, անվտանգության հնարավորինս բարձր մակարդակ և պետության ինստիտուցիոնալ զարգացման շարունակականություն։ Մեր մեծագույն կարևոր խնդիրներից մեկը, որի հետ կապված մենք շատ մեծ անելիքներ ունենք, դա ժողովրդագրական ոլորտում մեր քաղաքականությունն է։
Մենք այդ ուղղությամբ, իհարկե, որոշումներ կայացնում ենք և հույս ունենք, որ այդ որոշումները կբերեն կոնկրետ արդյունքների և Հայաստանը ժողովրդագրական վտանգավոր շեմերը կհաղթահարի։ Գիտեք, որ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան պարագայում աջակցության ծրագիրն է գործում, բնակարանի ձեռք բերման ծրագրեր են գործում և այլն։ Եվ մենք պետք է պայմաններ ապահովենք, որպեսզի յուրաքանչյուր ընտանիք, առավել ևս երիտասարդ ընտանիքները, տրամադրվեն Հայաստանի Հանրապետությունում խաղաղ, բարեկեցիկ կյանքի և իրենց ընտանիքի պլանավորումը մաքսիմալ համընկնի պետության ռազմավարական պլանավորման և հեռանկարի հետ այն առումով, որ մենք բոլորս վստահ լինենք, որ ունենալու ենք խաղաղ, ազատ, երջանիկ և զարգացած Հայաստան»:
Առաջին մասը՝ ստորև: