Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունից հետո Երևանի քաղաքապետարանում հայտնաբերված խախտումների հիմքով հարուցվել է 14 քրեական վարույթ: Ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ քրեական գործերը վերաբերում են 2011-ից մինչև 2022 թվականն ընկած ժամանակահատվածին:
Ռոմանոս Պետրոսյան (Պետական վերահսկողական ծառայության ղեկավար) - Խոսքը հիմնականում պետական բյուջեից դոտացիաների տրամադրման, դրանց ելակետային տվյալների, գույքահարկի, հողի հարկի, սեփական եկամուտների մասով սխալ հաշվարկների, ինչպես նաև մի շարք սուբյեկտների դեպքում՝ սեփական եկամուտների գծով այդ միջոցների չգանձման փաստերի մասին է, ինչպես նաև քաղաքաշինության ոլորտում առկա առերևույթ խախտումների, ինչպիսիք են առանց տեղական տուրքի ու վճարների և վարչարարության կիրառման՝ ժամկետանց թույլտվությունների մի քանի անգամ երկարաձգումները:
Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցներն այս պահին ուսումնասիրություն են իրականացնում շուրջ 80 գերատեսչությունում: Արդյունքները դեռ ամփոփված չեն:
Ռոմանոս Պետրոսյան - Պաշտպանության նախարարությունում, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում, Պետգույքի կառավարման կոմիտեում, Արդարադատության նախարարության, Էկոնոմիկայի նախարարությունում, Շրջակա միջավայրի նախարարությունում փոքր մշտադիտարկում ունենք նաև:
Մարզերին տրվող սուբվենցիաները ևս ՊՎԾ ուշադրության կենտրոնում են: Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ կառույցի աշխատակիցները ստուգում են 2019 թվականից տրամադրվող պետական միջոցների կառավարման արդյունավետությունը: Ուսումնասիրության արդյունքում արդեն հարուցվել է երկու քրեական գործ:
Ռոմանոս Պետրոսյան - Մեկը վերաբերում է Սյունիքի մարզի Մեղրի համայնքին, մյուսը՝ Շիրակի մարզի Սարատակ համայնքին: Սարատակ համայնքի մասով խոսքն այն սուբվենցիոն ծրագրի մասին է, որը վարչապետն ինքը Կառավարության նիստին հայտարարեց որպես կատարված ծրագիր, և Սարատակ համայնքում կոնկրետ փողոցի անուն նշվեց, որը հիմնանորոգվել է սուբվենցիոն ծրագրով, ապա մամուլում նկարներ և տեղեկություն շրջանառվեց, որ այդ փողոցը հիմնանորոգված չէ տվյալ պահին:
Պետական վերահսկողական ծառայությունը շարունակում է ստուգումները նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում: Բրյուսովի և Գավառի համալսարաններում աշխատանքի ամփոփումից հետո ուսումնասիրություններ կսկսվեն երկու այլ բուհերում:
Հեղինակ` Նորայր Շողիկյան