Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային պատասխանատուների հետ այցելել է Աշոցք համայնք: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
Աշոցքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր՝ 335 մլն 358 հազար դրամ ընդհանուր արժողությամբ:
Համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի ուղեկցությամբ մարզպետն այցելել է Արփենի բնակավայր, որտեղ հետևել է «Աշոցք համայնքի Աշոցք, Սիզավետ, Ցողամարգ, Գոգհովիտ, Արփենի, Մուսայելյան և Սալուտ բնակավայրերի համայնքային կենտրոնների նորոգման և վերակառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի ընթացքին:
Ծրագրի արժեքն է 66 մլն 393 հազար դրամ է, գումարի 50 տոկոսը կառավարության համամասնությունն է։
Կարևորելով Կառավարության կողմից իրականացված ծրագրերի վերահսկողությունը, ինչպես նաև պետական բյուջեի յուրաքանչյուր լումայի նպատակային ծախսումը՝ Շիրակի մարզպետը անդրադարձել է աշխատանքների որակին ու նշել, որ արձանագրված յուրաքանչյուր թերացում պետք է ամենասեղմ ժամկետում վերացվի, հակառակ դեպքում ծրագրի ֆինանսավորումը կդադարեցվի։
Մարզպետն ու համայնքապետը հետևել են նաև Աշոցքի պուրակի կառուցման աշխատանքներին։ Այս ծրագրի արժեքը 127 մլն 607 հազար դրամ է, 2022-ի համար նախատեսված է 42 մլն 420 հազար դրամ։ Կառավարության համամասնությունը 45 տոկոս է։
Աշոցքի Ռուդակովի փողոցում, որտեղ ասֆալտապատման աշխատանքներն արդեն ավարտված են, մարզպետը գնահատել է աշխատանքի որակը: Ասֆալտապատումն իրականացվել է «Աշոցք և Փոքր Սեպասար բնակավայրերում փողոցների ասֆալտապատում» սուբվենցիոն ծրագրով, որի արժեքը 62 մլն 156 հազար դրամ է, Կառավարության համամասնությունը՝ 50 տոկոս։