ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Սոչիում Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպմանը և դրա արդյունքներին, նշել՝ շփումները շարունակվելու են:
Մարիա Զախարովա (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ) - Ճիշտ չենք համարում զգայուն որոշ հարցեր հանրային քննարկման դնել, քանի որ դա կարող է խանգարել բանակցային գործընթացին: Հիշեցնեմ՝ սա Վլադիմիր Պուտինի խոսքն է: Սոչիում հանդիպել են նաև երեք երկրի ԱԳ նախարարները: Սակայն դա պատվիրակությունների մակարդակով բանակցություն չէր, դա երեք նախարարի զրույց էր կամ դեմ առ դեմ շփում։ Իհարկե, այդ զրույցն անցկացվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունների համատեքստում:
Պատասխանելով թուրքական լրատվամիջոցներից մեկի հարցին՝ ինչպես է Մոսկվան գնահատում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ զարգացումները՝ Զախարովան շեշտել է.
Մարիա Զախարովա - Մենք օգտագործում ենք «երթուղի» եզրույթը: Սոչիում քննարկվել է նաև տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համապատասխան գործընթացները կշարունակվեն եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում՝ երեք երկրների փոխվարչապետների համատեղ նախագահությամբ, այնպես, ինչպես սահմանված է երեք երկրի ղեկավարների՝ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությամբ։
ՈՒՂԻՂ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ԲԱՆԱԼԻ. ՓՐԱՅՍ
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը մեկնաբանել է հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը, նշել՝ Վաշինգտոնը հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին և խաղաղությանը։
Նեդ Փրայս (ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ) - Հավատացած ենք, որ խնդիրների լուծման և շարունակական խաղաղության հասնելու բանալին ուղիղ երկխոսությունն է: Երկու երկրներն էլ հայտարարել են, որ ձգտում են երկարատև խաղաղության:
Առաջիկա ամիսներին ԱՄՆ-ը կշարունակի ներգրավված մնալ՝ դյուրացնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումները: Մենք կանենք այն ամենը, ինչը, մեր կարծիքով, կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների շփումներն օրակարգում են:
ՌԴ-Ն ՎԵՐՍԿՍՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔԻՆ
Ռուսաստանը վերականգնում է իր մասնակցությունը հացահատիկի գործարքին. «Մոսկվան Ուկրաինայից գրավոր երաշխիքներ է սացել, որ հացահատիկի միջանցքը և ուկրաինական նավահանգիստները Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններ վարելու գործիք չեն դառնա» - հայտնել են ՌԴ պաշտպանական գերատեսչությունից։
Նշվում է, որ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ։
Այս հայտարարությունից հետո լրագրողների հետ հանդիպմանը Ռեջեփ Էրդողանը պատասխանել է հարցին՝ ինչպես է նրան հաջողվել ստիպել Վլադիմիր Պուտինին վերանայել հացահատիկի գործարքին վերադառնալու հնարավորությունը:
«Նախ այդ մասին կտեղեկացնեմ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, հետո արդեն ձեզ»,- ասել է Թուրքիայի նախագահը լրագրողներին:
Ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր, որ դուրս է գալիս հացահատիկի գործարքից՝ ի պատասխան Սևաստոպոլ քաղաքում ռազմանավերի և քաղաքացիական նավերի դեմ Ուկրաինայի հարձակման: Վլադիմիր Պուտինը պարզաբանել էր, որ գործարքին վերադառնալու համար Կիևը պետք է երաշխավորի ծովային նավարկության անվտանգությունը Սև ծովում:
ԽԵՐՍՈՆԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԱՐՀԱՆՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Խերսոնի Կախովկայի շրջանի բնակիչները պետք է անհապաղ լքեն իրենց բնակավայրերը ռազմական սպառնալիքի բարձր մակարդակի պատճառով, նոյեմբերի 6-ից հարկադիր տարհանում կիրականացվի՝ հայտնել են տեղական իշխանությունները: Խերսոնի շրջանի ղեկավար Վլադիմիր Սալդոն հայտնել է, որ Դնեպրի ձախ ափ տարհանված 70.000 խաղաղ բնակիչ կտեղափոխվի առավել անվտանգ բնակավայրեր, այդ թվում՝ Ռուսաստանի տարածք:
Ռուսական կողմի համոզմամբ՝ Ուկրաինան պատրաստվում է հրթիռային հարվածներ հասցնել Կախովսկայա հիդրոէլեկտրակայանին, ինչի հետևանքով Խերսոնի բնակիչները կարող են հումանիտար աղետի բախվել։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ռուսական ուժերը չեն հեռանում Խերսոնից, այլ տեղեկատվական գործողություն են անցկացնում, որպեսզի Ուկրաինան իր ուժերը կենտրոնացնի Խերսոնի ուղղությամբ։
ԱՄՆ-Ը ՌԴ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ՇՓՈՒՄ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ
Վաշինգտոնը Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի ներկայացուցիչների հետ շփումներ չի նախատեսում՝ հայտարարել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։ Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան կմասնակցի գագաթնաժողովին բարձր մակարդակով, նա չէր բացառել, որ անձամբ կմեկնի Բալի, որտեղ նոյեմբերի 15-16-ը տեղի կունենա G20-ի հանդիպումը։
Միջոցառմանը հրավիրված է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: