Հայաստանի տնտեսությունն այսօր բում է ապրում՝ խորհրդարանում հայտարարեց վարչապետը 2023-ի գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկման ժամանակ: Փաշինյանը մատնանշեց՝ հունվար-սեպտեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.1 տոկոս, գնահատեց՝ աճի մակարդակը տալիս է հնարավորություն հաղթահարված համարելու համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական դժվարությունները և վերականգնելու զարգացման տեմպը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Այս տարին, վստահաբար, երկնիշ տնտեսական աճով ենք ամփոփելու և հաղթահարելու ենք ըստ էության այն բացը, որ մենք ունեցել ենք 2020-ին: Բայց սա պատմության միայն մի մասն է, որովհետև մենք նպատակադրում ունենք նաև 2023-ին առնվազն 7 տոկոս տնտեսական աճ ապահովել, բայց սա ավելի դժվար է. 7 տոկոս աճը պետք է ապահովել 14 տոկոսի վրա, և էստեղ է հիմնական խնդիրը, ես դա համարում եմ լուծելի խնդիր:
Ինչպես 2020-ին, այնպես էլ հիմա, ըստ վարչապետի, Կառավարության մեծագույն խնդիրը պետք է լինի տնտեսական հարաբերություններին հնարավորինս քիչ միջամտելը, ասաց՝ գործադիրը պետք է զբաղվի տնտեսական հնարավորությունների ստեղծմամբ և առաջացող խնդիրների լուծմամբ: Այս մոտեցումը իրենք որդեգրել են դեռ 2018-ին՝ տանելով մենաշնորհների և օլիգարխիայի վերացման, օրենքի առաջ բոլորի հավասարության ու համակարգային կոռուպցիայի հաղթահարման քաղաքականության:
Նիկոլ Փաշինյան - Այս տարի շատ կարևոր մի իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանի տնտեսական իմիջի առումով՝ Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսում 100 երկրների շարքում զբաղեցրել է 11-րդ տեղը՝ ըստ էության անգամներով բարելավելով իր իրավիճակը:
ՀՀ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՆՈՐ ՌԵԿՈՐԴ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ. ՎԱՐՉԱՊԵՏ
Հնարավորությունների ստեղծումը, ստվերի դեմ պայքարը, եկամտահարկի բարեփոխումների քաղաքականությունը էապես նպաստել են նաև, որ այս սեպտեմբերին երկրում աշխատատեղերի նոր ռեկորդ սահմանվի՝ 691 հազար գրանցված ու վճարվող աշխատատեղ՝ նշեց վարչապետը, այս թիվը համեմատեց 2018-ի հետ:
Նիկոլ Փաշինյան - Շատ դեպքերում մենք խուսափում ենք նման ձևակերպումներից, ինչ-որ տեղ նաև համեստություն ենք անում, բայց աշխարհի բոլոր երկրներում այս իրավիճակի մասին կխոսեին հետևյալ կերպ․ 4 տարի 4 ամսվա ընթացքում Կառավարությունը ստեղծել է 143 հազար նոր աշխատատեղ: Հիմա մենք անընդհատ ասում ենք, որ մեթոդաբանությունը հայտնի չէ, չգիտենք, թե ինչքան է աշխատատեղ ստեղծվել, ինչքան է ստվերից դուրս եկել, բայց եթե նույնիսկ ստվերից դուրս է եկել, այդ աշխատատեղը գոյություն չի ունեցել:
ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՐԵՎՈՐ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ
Այս հարցում վարչապետն անկյունաքարային է համարում հարկային բարեփոխումները: Եթե 2018-ին եկամտահարկի հետվերադարձը 4.7 միլիարդ դրամ էր, ապա 2021-ին կազմել է 32.7 միլիարդ, 22-ի 10 ամսում՝ 41.1 միլիարդ: Վարչապետի խոսքով՝ սա լուրջ սոցիալական ազդեցություն ունի, ու չնայած որոշ վերապահումներին, որ սա բյուջեի համար բեռ է դառնում, գումարը, այդուամենայնիվ, այլ թվերի տեսքով վերադառնում է տնտեսություն:
Նիկոլ Փաշինյան - էսօր մենք շինարարության ոլորտում 14 տոկոս աճ ունենք, ընդ որում՝ 21 թվականի համեմատ, եթե այս ցուցանիշը համեմատենք 18 թվականի հետ, աճը էականորեն կարող է շատ ավելին լինել, մենք պետք է հաշվարկենք, որ այդ վերադարձված գումարը, այնուամենայնիվ, վերադառնում է տնտեսություն:
Հավաքվող եկամտահարկի ծավալն աճում է, չնայած պրոգրեսիվից անցում կատարվեց համահարթի՝ ասաց վարչապետ, հիշեցրեց, որ 2023-ի հունվարի 1-ից այն կկազմի 20 տոկոս: Կարևորեց նաև ԱԱՀ-ի վերադարձի ցուցանիշները, համակարգն ինքնաշխատ է դարձել, մարվել են հին պարտքերը, հիմա էլ բիզնեսը իր վճարած ԱԱՀ-ն հետ է ստանում ոչ թե 6 ամսում, այլ ամենամսյա կտրվածքով:
Նիկոլ Փաշինյան - 2018-ին գործարարներին վերադարձվել է 88 միլիարդ դրամ, 2021-ին՝ 148 միլիարդ, իսկ 2022-ի 10 ամսում՝ 171 միլիարդ դրամ, այս կիսատ տարվա ցուցանիշը 2018-ի գրեթե կրկնապատիկն է:
Կառավարող ուժը կատարել է իր խոստումն ու 2018-ին հայտարարած բյուջեի եկամուտների 30-40 տոկոսով աճը գերակատարել է՝ նշեց Փաշինյանը: Տարեվերջին սպասվում է, որ հարկային եկամուտը 662 միլիարդ դրամով կգերազանցի 2018 թվականի ցուցանիշը: Նույն տեմպը նախատեսում են պահպանել նաև հաջոդ տարի:
Նիկոլ Փաշինյան - 2023 թվականին հարկային եկամուտները պլանավորված են 2 տրիլիոն 203.7 միլիարդ դրամ, որը 2018 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից ավելի է 946 միլիարդ դրամով կամ 75.1 տոկոսով: Այսինքն՝ արձանագրենք, որ հեղափոխությունից հետո մենք բյուջեի եկամուտներն ավելացնելու ենք 75.1 տոկոսով, դա պլանավորվածն է, որը մենք պետք է անենք:
ՎԱՐՉԱՊԵՏԸ՝ ԿԱՆԽԻԿԻ ԿՐՃԱՏՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Բյուջեի եկամուտների ավելացման վրա էական ազդեցություն ունի կանխիկի կրճատման քաղաքականությունը: Երկրի ղեկավարի բնորոշմամբ՝ սա և՛ կոռուպցիայի դեմ պայքարի, և՛ ֆիսկալ հնարավորությունների ավելացման և, իհարկե, սոցիալական մեծ էֆեկտ ունի: Այս համատեքստում նա կարևորեց կենսաթոշակի հետվճարի համակարգը, որը սկսեց գործել այս հուլիսից, թոշակներն էլ բարձրացան սեպտեմբերից, կբարձրանան նաև հաջոդ տարի:
Նիկոլ Փաշինյան - Գործնականում մենք 22 և 23 թվականներին երեք անգամ փաստացի կենսաթոշակներն ավելացնում ենք, երկու անգամ հենց ուղիղ էդ անվան ներքո, իսկ մյուս անգամը անկանխիկ առևտրի շրջանառության միջոցով, որովհետև, ասենք՝ 50 հազար դրամ թոշակ ստացողը անկանխիկ առևտրի միջոցով կարող է ևս 5000 հավելյալ լրացուցիչ եկամուտ ստանալ:
Թոշակառուների շրջանում անկանխիկ առևտուրը պրոգրեսիվ աճում է, սա թույլ կտա նաև վերլուծել տվյալները, ավելի հասցեական դարձնել Կառավարության սոցիալական քաղաքականությունը: Հիմա Կառավարության, Կենտրոնական բանկի ու ՊԵԿ-ի գլխավոր մարտահարվերը անկանխիկ վճարման հնարավորություն ստեղծելն է, նույնիսկ ամենահեռավոր գյուղերում: Անկանխիկի թեման շարունակելով՝ վարչապետը շեշտեց՝ պետք է է՛լ ավելի խստացնել մոտեցումը խաղադրույքների, շահումով խաղերի նկատմամբ, Փաշինյանը նկատեց՝ միայն գովազդի սահմանափակմամբ չենք բավարարվելու:
Նիկոլ Փաշինյան - Մենք խաղադրույքներ թույլ կտանք իրականացնել միայն բանկային քարտերից ու հաշիվներից, ինչը նշանակում է՝ ցանկացած խաղադրույք կատարած մարդու նույնականացում:
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ԲՈԼՈՐԸ. ՓԱՇԻՆՅԱՆ
Վարչապետը վստահ է՝ պետք է հարկեր վճարելու նկատմամբ վերաբերմունքը էապես փոփոխվի, մարդիկ բյուջեն պետք է համարեն սեփական գրպանը: Առաջիկայում Կառավարությունը ԱԺ կուղարկի եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի նախագիծը, որը հավանաբար կսկսի գործել 2024-ի հունվարից:
Նիկոլ Փաշինյան - Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներն առանց բացառության պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն: Պետք չէ այս ձևակերպումից վախենալ: Առնվազն սկզբնական շրջանում գործի 90 տոկոսն անելու է ՊԵԿ-ը. քաղաքացին ստանալու է իր հայտարարագիրը՝ ամբողջությամբ լրացված, քաղաքացին միայն հաստատելու է, որ ամեն ինչ ճիշտ է գրված կամ, եթե ինչ-որ բան սխալ է գրված, բարձրաձայնելու է դա ուղղելու անհրաժեշտության մասին:
2023-ԻՆ ԿԱՎԵԼԱՆԱ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Վերադառնալով նախագծին՝ վարչապետը շեշտեց՝ 2018-ի համեմատ 23-ին գիտության ֆինանսավորումը կավելանա 154 տոկոսով, իսկ կրթության ֆինանսավորումը՝ 70 տոկոսով: Փաշինյանը հեղափոխական է համարում ուսուցիչների ատեստավորման համակարգը, ասաց՝ արդեն կան, հարյուրավոր ուսուցիչների աշխատավարձը կրկնապատկվել, անգամ եռապատկվել է: 23-ի համար նախարարության առաջ խնդիր է դրած ատեստավորման համակարգը ներդնել նաև երաժշտական, արվեստի ու մարզադպրոցներում, մանկապարտեզների դաստիարակների շրջանում:
Նիկոլ Փաշինյան - Այո՛, մենք այսօր շատ ուրախ ենք, որ կա հնարավորություն, որ ուսուցիչը Հայաստանում 400 հազար, 450 հազար դրամ աշխատավարձ, բայց մեր նպատակադրումն է, որ Հայաստանում ուսուցիչները ստանան 800 հազար, 900 հազար, 1 մլն 200 հազար դրամ աշխատավարձ, և կամավոր ատեստավորման համակարգը մեզ այդ հնարավորությունը տալու է:
Անկախ ատեստավորումից, 23-ին աշխատավարձի բարձրացում կունենան մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների և բնագիտական առարկաների ուսուցիչները: Հաջորդ տարի առողջապահության բյուջեն էլ 2018-ի համեմատ 87 տոկոսով ավելի կլինի, վարչապետի խոսքով՝ աշխատավարձի շոշափելի բարձրացում է սպասվում նաև առաջնային օղակում: Որոշումը կա՝ հունվարի 1-ից համակարգում կաշխատեն միայն հավաստագրված մասնագետները: Այս ուղիով, ըստ վարչապետի, պետք է անցնեն նաև մյուս ոլորտների աշխատակիցները:
Նիկոլ Փաշինյան - Առաջիկայում կամավոր ատեստավորման համակարգ սկսի գործարկվել ոստիկանությունում, ԱԱԾ-ում, Պետական պահպանության ծառայությունում, որի արդյունքում, այո՛, էլի աշխատավարձերի կրկնապատկման պրոցես տեղի կունենա:
2023-ԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
23-ին կարևոր կառուցվածքային բարեփոխումներ էլ կլինեն, կձևավորվեն ներքին գործերի նախարարությունն ու արտաքին հետախուզական ծառայությունը: Վարչապետն ասաց՝ այս հարցում ակնկալում է խորհրդարանի աջակցությունը:
Հաջորդ տարվա համար էական ավելացում կլինի նաև պաշտպանական բյուջեում՝ ծախսերը կկազմեն 509 մլրդ դրամ: Կառավարությունը, ըստ Փաշինյանի, որդեգրել է բանակի բարեփոխումների ռազմավարությունը:
Նիկոլ Փաշինյան - Այս ամբողջ գործընթացի նպատակն ու իմաստն անցումն է պրոֆեսիոնալ բանակի և, իհարկե, ՀՀ պաշտպանունակության բարձրացմանն ու մեծացմանը: Պաշտպանության ոլորտի ծախսերի էական ավելացումն ու բարեփոխումները մեր նպատակադրումը՝ անցնել պրոֆեսիոնալ բանակի, որևէ ձևով չեն հակասում խաղաղության այն օրակարգին, որը որդեգրել է ՀՀ Կառավարությունը:
Հաջորդ տարվա բյուջեն աչքի է ընկնում նաև կապիտալ ծախսերին ուղղվող աննախադեպ մեծ ֆինանսավորմամբ՝ 558 միլիարդ դրամ: Վարչապետը նկատեց՝ չնայած սրան, մտավախություն կա, որ մասնավորը չի հասցնի կատարել պետական պատվերը, շինարարական ներուժի խնդիր կա: Քիչ չեն անելիքները նաև ժողովրդագրական ոլորտում՝ ասաց վարչապետը, հույս հայտնեց, որ դրան միտված ծրագրերը արդյունք կտան: Քաղաքական ուղերձը Փաշինյանը եզրափակեց՝ շեշտելով՝ բացի տնտեսական զարգացումից, 23-ին երկրի շուրջ պետք է ապահովել կայունություն, անվտանգության հնարավորինս բարձր մակարդակ: