Խաղաղության օրակարգի ուղղությամբ կարևոր քայլ է արված: Սոչիի եռակողմ հանդիպմանն անդրադառնալով՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ հայկական կողմի համար ամբողջությամբ ընդունելի է Ռուսաստանի առաջարկը, որը ենթադրում է ԼՂ-ի կարգավիճակի հարցի անորոշ ժամանակով հետաձգում: Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ այս պահին օբյեկտիվորեն չկա փոխադարձաբար ընդունելի կարգավիճակ գտնելու հնարավորություն։
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Կա այդ հարցի երեք կոմպոնենտ՝ ԼՂ հայության անվտանգություն, իրավունքներ և կարգավիճակ։ Դուք նկատել եք, որ հետագայում հընթացս մենք «կարգավիճակ» բառը՝ որպես այսօրվա ամենօրյա լուծման խնդիր, փորձել ենք մի կողմ դնել։ Ինչո՞ւ։ Հենց այս տեսլականի բերումով, որովհետև մենք համաձայնվել ենք ռուսաստանցի մեր գործընկերների հետ, որ այդ թեման հիմա չարժե դնել ու փորձել լուծել, որովհետև դա կբերի անխուսափելի ճգնաժամի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առաջարկել են ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահների մանդատը 5, 15, 20 տարով կամ անորոշ ժամանակով երկարացնելու որոշում ընդունել հենց Սոչիում: Ու հիշատակեց, որ նոյեմբերի 9 ի եռակողմ հայտարարությամբ ԼՂ-ում խաղաղապահների առաքելության ժամկետը երկարացվում է ինքնաբերաբար, և չեղարկում կարող է լինել միայն, եթե կողմերից մեկը առարկություն ներկայացնի ժամկետը լրանալուց առնվազն 6 ամիս առաջ:
Նիկոլ Փաշինյան - Ինչպես արդեն ակնհայտ է բոլորիդ համար, որոշումը չընդունվեց, դարձավ օրակարգային: Ակնհայտ է ու ԼՂ հայության իրավունքների անվտանգության կարևորագույն երաշխավորը խաղաղապահների ներկայությունն է այնտեղ, քանի դեռ չեն ստեղծվել հուսալի երաշխիքներ անվտանգության ապահովման:
ՍՈՉԻՈՒՄ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ ՊՐԱՀԱՅԻ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ Կառավարության քաղաքականությունը Սոչիից առաջ և հետո ոչ մի, նույնիսկ նվազագույն փոփոխություն չի կրել: Վարչապետը արձանագրեց, որ Սոչիում վերահաստատվել են Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հայաստանի իշխանությունը շարունակելու է ակտիվ գործունեությունը խաղաղության օրակարգի իրականացման և իրագործման շուրջ։
Նիկոլ Փաշինյան - Ինչպես ես հրապարակային խոստացել էի եռակողմ բանակցությունների ընթացքում, առաջարկել եմ հղում կատարվի արդեն հայտնի ռուսական առաջարկներին, բայց, ըստ էության, ինչ-որ առումով ՌԴ մեր գործընկերների հորդորով փորձել ենք ավելի ճկուն լինել իրավիճակը փակուղային չդարձնելու համար:
Խաղաղության օրակարգի առաջմղման ու տարածաշրջանային հարաբերությունների առումով վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր համարեց նաև փաստը, որ Թուրքիայի հետ հարաբերություններում հաղթահարվել են կոմունիկացիոն բնույթի բարդույթները և բարդությունները։ Վարչապետի խոսքով՝ դա առաջին հայացքից կարող է թվալ շատ թույլ և ոչ էական բան, բայց իրականում առարկայական փոփոխություն է: Փաշինյանը մատնանշում է, որ առաջին դեմքերի մակարդակով ակտիվացել են շփումները ամբողջ տարածաշրջանում:
Նիկոլ Փաշինյան - 2022 թվականը բացառիկ է նրանով, որ Հայաստանի ղեկավարը ուղիղ շփումներ է ունեցել հարևան բոլոր երկրների ղեկավարների հետ, մի մասի հետ՝ շատ անգամ, օրինակ՝ երեկ ես այց ունեցա Իրան, ու արձանագրեցինք, որ նախորդ տարվա օգոստոսից հետո մենք չորս անգամ հանդիպում ենք ունեցել երկկողմ ֆորմատով, Վրաստանի, Ադրբեջանի մասին՝ գիտեք, ու նաև Թուրքիայի ղեկավարի հետ ենք հանդիպել: Իսկ եթե դուք հարցնեք իրադրության փոփոխություն ունե՞նք, թե՞ չէ, ես կարծում եմ, որ ունենք, որը ինքնին խոր գործնական արդյունք չէ, բայց ես հասկացա, որ օգոստոս-հոկտեմբեր ամիսներին Թուրքիայի հետ մենք հաղթահարել ենք կոմունիկացիոն բարդությունները: Հավաստիացնում եմ, որ բոլոր դեպքերում նախկինում էդ հարցը եղել է՝ հանդիպե՞լ, թե՞ ոչ, խոսե՞լ, թե՞ ոչ, էսօր էդ հանգամանքը վերացված է ու ոչ միայն Կառավարության մակարդակով, այլև հանրության մակարդակով:
Վարչապետը կարևոր համարեց, որ և՛ Սոչիում, և՛ Պրահայում արձանագրվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև սահմանի առկայությունը, որը արձանագրված է 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրով ու հարակից փաստաթղթերով: Վարչապետի համոզմամբ՝ դրանով ինքնին արձանագրվել է ագրեսիայի փաստը՝ դրանից բխող միջազգային արձագանքներով։