ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Թուրքիայի հետ հարաբերություններում հաղթահարվել են կոմունիկացիոն բնույթի բարդությունները:
«Այս տարվա ընթացքում հեռախոսազրույց և հանդիպում ենք ունեցել Թուրքիայի ղեկավարի հետ: Ունենք իրադրության մի շատ կարևոր փոփոխություն, որն ինքնին խոր և շատ գործնական արդյունք չէ, բայց վերլուծելով իրավիճակը՝ հասկացա, որ օգոստոս-հոկտեմբեր ամիսներին Թուրքիայի հետ հարաբերություններում մեր կոմունիկացիոն բարդույթները և բարդությունները հաղթահարված են:
Սա կարող է շատ թույլ և ոչ էական բան թվալ։ Կարծում եմ` նախկինում միշտ այդ հարցը եղել է՝ հանդիպե՞լ, թե՞ չհանդիպել, խոսե՞լ, թե՞ չխոսել, որը շատ մեծ գործնական նշանակություն է ունեցել։ Այսօր այդ հանգամանքը և բարդությունը վերացված են։
Մենք հետևողականորեն շարունակելու ենք առաջ շարժվել խաղաղության օրակարգի իրացման ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը։