Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը (ԶԱՀ) հոկտեմբերի 13-31-ը նոր հատուցումներ է տրամադրել 102 զոհված, անհայտ բացակայող ճանաչված կամ զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների դեպքերով, որոնցից 93-ը՝ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակման և դրանից հետո տեղի ունեցած զարգացումների հետևանքով:
Այսպիսով, նոյեմբերի 2-ի դրությամբ՝ ԶԱՀ շահառուների ընդհանուր թիվը 4957 է։ Հիմնադրամն այդ դեպքերի մասով կատարել է 67․4 միլիարդ ՀՀ դրամի հատուցում։
Ըստ էության, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը պաշտոնապես հրապարակել է սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով զոհվածների մի մասի անունները:
ԶԱՀ շահառուների ցուցակին կարող եք ծանոթանալ կայքում:
ԶԱՀ-ի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից՝ մինչ օրս մոտ 80․3 միլիարդ ՀՀ դրամ, կամավոր նվիրաբերություններից՝ մինչ օրս մոտ 11․8 միլիարդ ՀՀ դրամ, որոնք ստացվում են աշխարհասփյուռ հայությունից, ինչպես նաև ԶԱՀ-ի ակտիվների կառավարումից ստացված եկամուտից` շուրջ 8․7 միլիարդ ՀՀ դրամ։