Որևէ մեկը մեր թիրախում չկա. մեր խնդիրը ՀՀ վարչապետին վերապահված վերահսկողական լիազորությունների պատշաճ իրականացումն է, ինչն իրականացնում ենք: Լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով այն հարցին, թե Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնվել է ուսումնասիրությունների թիրախում, ասաց ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը:
«Երևանի քաղաքապետարանում ուսումնասիրությունը մեկնարկել էր տարեսկզբին և վերջացել է, ամփոփվել, ու տեղեկանքները ներկայացվել են վարչապետին մայիսի 31-ին, որից հետո որոշ փաստերի համադրմամբ տեղեկատվությունը փոխանցվել է գլխավոր դատախազությանը, բայց զուգահեռաբար իրականացվում են մշտադիտարկումներ մի քանի ոլորտներում:
Կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ Երևանի քաղաքապետարանում իրականացված ուսումնասիրության և մշտադիտարկումների արդյունքով նախաձեռնվել են 14 քրեական վարույթներ:
Խոսքը հիմնականում պետական բյուջեից դոտացիաների տրամադրման, դրանց ելակետային տվյալների, գույքահարկի, հողի հարկի, սեփական եկամուտների մասով սխալ հաշվարկների, ինչպես նաև մի շարք սուբյեկտների դեպքում սեփական եկամուտների գծով այդ միջոցների չգանձման փաստերի մասին է, ինչպես նաև քաղաքաշինության ոլորտում առկա առերևույթ խախտումների, ինչպիսիք են՝ առանց տեղական տուրքի ու վճարների և վարչարարության կիրառման ժամկետանց շինթույլտվությունների մի քանի անգամ երկարաձգումները, ավարտական ակտերի մասով առանց վարչարարության և առանց վճարների գանձման տրամադրումները ու խտրական մոտեցումները:
Բոլոր այդ փաստերին իրավական գնահատական կտրվի»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը՝ նշելով, որ քրգործերը վերաբերում են 2011-2022 թթ. ընկած ժամանակահատվածին: