Նոյեմբերի 1-ին Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է ՄԹ Համայնքների պալատի պաշտպանության ընտրված հանձնաժողովի նախագահ Թոբիաս Էլվուդի հետ։ Հանդիպման ընթացքում դեսպան Ներսեսյանը ներկայացրել է տարածաշրջանում առկա անվտանգության մարտահրավերները՝ նշելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակման ազդեցությունը և Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից Ադրբեջանի զինված ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը։
Դեսպանը նաև ընդգծել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին որպես պատանդ պահելու շարունակական օգտագործումը՝ խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Բացի այդ, դեսպանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքի վրա՝ նշելով անզեն զինվորների արտադատական սպանության վերջին օրինակը։
Դեսպան Ներսեսյանը պատգամավորին ներկայացրել է Հայաստանի Կառավարության ջանքերը տարածաշրջանում համապարփակ խաղաղության հաստատման ուղղությամբ՝ ընդգծելով ԼՂ հակամարտությունը գործող միջազգային մեխանիզմների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Մեծ Բրիտանիա հարաբերությունների ապագայի շուրջ և քննարկել միջազգային հարթակներում խորհրդարանական համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները։