ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային այլ գործողություններ՝ արագ սննդի կետում տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով, 2022 թվականի նոյեմբերի 1-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի մի խումբ բնակիչներ, Ճամբարակ քաղաքում գտնվող արագ սննդի կետում իրենց հատկացված առանձին սենյակում, հասարակության նկատմամբ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, ճաշելու ընթացքում սենյակի պատուհանից կրակոցներ են արձակել:
Նախաքննության ընթացքում իրականացված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 1 հատ 7,62 մմ տրամաչափի պարկուճ, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց, ինչպես նաև հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: