Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր շարունակվել են քննարկումները 2023 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ։
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը խորհրդարանին է ներկայացրել 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված արդարադատության նախարարության ծրագրերը։ Ըստ այդմ՝ ծրագրերի իրականացման նպատակով 2023 թվականի պետական բյուջեի նախագծով հատկացվել է 26 մլրդ 35 մլն 694 հազար դրամ։
2023 թվականի ընթացքում նախարարության կողմից իրականացվելու են պետական բյուջեի 8 նախագծեր, այդ թվում՝ նախատեսվում է քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալների 15 տոկոսին ապահովել աշխատանքով:
Նախարարությունը շարունակելու է ապահովել քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց կրթություն ստանալու իրավունքը: Նախատեսվում է Պրոբացիայի ծառայությունը վերազինել էլեկտրոնային հսկողության համար անհրաժեշտ միջոցներով ու ենթակառուցվածքներով՝ ազատությունից զրկելուն այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակների և խափանման միջոցների արդյունավետ կիրառման նպատակով:
Նախարարությունն իրեն վերապահված գործառույթների շրջանակում կշարունակի իրականացնել Հակակոռուպցիոն կոմիտեի և դատարանների շենքերի կառուցման և վերազինման աշխատանքները:
2023 թ. ընթացքում կիրականացվեն նաև ռազմավարություններից և նպատակներից բխող մի շարք այլ նախագծեր։