ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, խոսելով ատեստավորման համակարգի մասին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում արդեն կան հարյուրավոր ուսուցիչներ, որոնք կրկնապատկված և եռապատկված աշխատավարձը ստանում են:
Փաշինյանի խոսքով՝ ատեստավորման համակարգն արդարացնում է իրեն, նա անհրաժեշտ համարեց շարունակել գնալ այդ ճանապարհով:
«2023 թվականի համար խնդիր եմ առաջադրել ԿԳՄՍ նախարարությանը, որ ուսուցիչների ատեստավորման և, համապատասխանաբար, աշխատավարձերի աճի այս համակարգը ներդրվի նաև երաժշտական դպրոցներում, արվեստի դպրոցներում, մարզադպրոցներում և մանկապարտեզներում, համապատասխանաբար, դաստիարակների համար»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց՝ Կառավարությունը շատ ուրախ է, որ կա հնարավորություն, որ ուսուցիչը Հայաստանում ստանա 400-450 հազար դրամ աշխատավարձ:
«Մեր նպատակադրումն է, որ ուսուցիչը Հայաստանում ստանա 800 հազար, 900 հազար, 1 մլն 200 հազար դրամ աշխատավարձ: Սա ամենևին էլ ուտոպիստական նպատակ չէ: Այս ատեստավորման համակարգը մեզ այդ հնարավորությունը տալու է»,- ասաց Փաշինյանը: