Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ տնտեսական ցուցանիշներին ու ընդգծեց, որ գոհացնող պատկեր կա:
«Այսօր ՀՀ տնտեսությունը բում է ապրում: Տեղյակ եք, որ հունվար-սեպտեմբերի տվյալներով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.1 տոկոս: Սա չափազանց կարևոր ցուցանիշ է, այս տեմպը մեզ հնարավորություն է տալիս, որ 2022 թվականի արդյունքներով հաղթահարված համարենք 2020 թվականի համավարակի ու պատերազմի հետևանքով առաջացած զուտ տնտեսական դժվարությունները և վերականգնենք մեր տնտեսական զարգացման տեմպը: Զուտ միայն տնտեսության առումով այս տարի հնարավորություն ունենք ու կիրացնենք այն վերադառնալ 2019 թվականի տեմպին»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ իրենց մոտեցումն այն է, որ Կառավարությունը պետք է հնարավորինս քիչ միջամտի տնտեսական հարաբերություններին, ավելի շատ զբաղված լինի տնտեսական հնարավորությունների ստեղծման հարցերով ու տնտեսական խնդիրների հաղթահարմամբ: