Դեպի Հայաստան տրանսֆերտների ծավալն այս տարի արդեն 3 մլրդ 461 մլն դոլարի է հասել: Սա Կենտրոնական բանկի հրապարակած հունվար-սեպտեմբերի տվյալն է, որն արտացոլում է հայաստանյան բանկերի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց փոխանցված գումարը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը 1 մլրդ 536 մլն էր: Ընդհանուր գումարի մոտ 67 տոկոսը Ռուսաստանից է փոխանցվել, 14.2 տոկոսը` ԱՄՆ-ից, մնացածը՝ այլ երկրներից: Միայն սեպտեմբերին Հայաստան է փոխանցվել կես մլրդ դոլարից ավելի գումար:
Բագրատ Ասատրյան (տնտեսագետ) - Սա մի հնարավորություն է, որ իշխանությունները, կառավարությունը մասնավորապես պետք է լրացուցիչ գործիքների կիրառմամբ ուղղեն այն ոլորտները, որոնք մեր ապագան են լինելու, դեպի ներդրումներ այս հոսքերը: Իհարկե, սա ժամանակավոր է, բայց մենք գիտենք, որ ժամանակավորից ավելի հավերժ բան չի լինում, և կարևոր հարցն այստեղ այն է, թե ինչքան է տևելու և թե ինչ բնութագրեր է ունենալու:
Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի խոսքով՝ արտերկրից փոխանցված գումարը հիմնականում երկու ուղղությամբ է ծախսվում:
Գևորգ Պապոյան (ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Ծառայություններ՝ առևտուրը ներառյալ, և անշարժ գույքի շուկա: Եվ էդտեղ են նաև արձանագրվում և՛ արտաքին պահանջարկի էական մեծացումը, և՛ տնտեսական մեծ աճը, որովհետև արտաքին պահանջարկի մեծացումը իր հետ բերում է, բնականաբար, գնաճային ճնշումներ:
Բագրատ Ասատրյանի կարծիքով՝ տարին կփակենք մոտ 5 մլրդ դոլար տրանսֆերտների ծավալով, հիշեցնում է` միևնույն ժամանակ 9 ամսում 1 մլրդ 747 մլն դոլարի չափով արտահոսք է եղել, այսինքն` Հայաստանից է դուրս փոխանցում արվել:
Բագրատ Ասատրյան - Այս իմաստով Հայաստանը դիտարկվում է իբրև մի երկիր, որի միջոցով և իրենց միջոցները ռուսաստանցիները դեպի դուրս են տանում` դեպի արևմտյան աշխարհ, դեպի այլ երկրներ:
Տրանսֆերտների առկա տեմպերը պահպանելու համար, ըստ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, երկու պայման է անհրաժեշտ:
Գևորգ Պապոյան - Առաջինը՝ Հայաստանում գործարար միջավայրի և տնտեսական ազատությունների և ժողովրդավարության բարձր մակարդակի պահպանում, որովհետև պետք է միշտ ֆիքսենք, որը փողը գնում է էնտեղ, որտեղ ինքը ապահով է, և որտեղ իր համար կան գործելու լավագույն պայմանները:
Երկրորդ պայմանը աշխարհաքաղաքական իրավիճակն է: Տրանսֆերտների այս մեծ հոսքը վերջին ամիսներին էականորեն արժևորել է դրամը՝ դոլարի նկատմամբ, ինչը մի կողմից արտահանողների համար խնդիր է, նշում են մասնագետները, մյուս կողմից էլ օգնել է գնաճի համաշխարհային մակարդակից ցածր տեմպեր ունենալ երկրում:
Բագրատ Ասատրյան - Համեմատաբար ցածր գնաճը բարիք է, և դա մեզ ավելի է պետք, մեզ` քաղաքացիներիս, քան, ասենք, փոխարժեքը: Ցավոք, մենք, մեր մտածելակերպը մի քիչ կապվել ենք դոլարին` դոլարային, դոլարի փոխարժեք: Մեր բնակչության զգալի մասը՝ 60-70 տոկոսը, դրամով է ապրում, աշխատում, ծախսում, և պետք է հետևեն դրամի գնողունակությանը, ոչ թե, ասենք, հարաբերակցությանը դոլարի կամ այլ արժույթների նկատմամբ:
Ընդհանուր առմամբ, մեր երկիր տրանսֆերտների ամենամեծ հոսքը եղել է 2013 թվականին՝ 2 մլրդ 302 մլն դոլար, այս տարվա 9 ամսում այդ ցուցանիշն արդեն գերազանցվել է ավելի քան 50 տոկոսով:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան