ՄԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆՔ «ԵՐԹՈՒՂԻ» ԵԶՐՈՒՅԹԸ. ԶԱԽԱՐՈՎԱ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Սոչիում Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպմանը և դրա արդյունքներին, նշել՝ շփումները շարունակվելու են:
Մարիա Զախարովա (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ) - Ճիշտ չենք համարում զգայուն որոշ հարցեր հանրային քննարկման դնել, քանի որ դա կարող է խանգարել բանակցային գործընթացին: Հիշեցնեմ՝ սրանք Վլադիմիր Պուտինի խոսքերն են: Սոչիում հանդիպել են նաև երեք երկրի ԱԳ նախարարները: Սակայն դա պատվիրակությունների մակարդակով բանակցություն չէր, դա երեք նախարարի զրույց էր կամ դեմառդեմ շփում։ Իհարկե, այդ զրույցն անցկացվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունների համատեքստում:
Պատասխանելով թուրքական լրատվամիջոցներից մեկի հարցին՝ ինչպես է Մոսկվան գնահատում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ զարգացումնեը՝ Զախարովան շեշտել է.
Մարիա Զախարովա - Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը: Սոչիում քննարկվել է նաև տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համապատասխան գործընթացները կշարունակվեն եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում՝ երեք երկրների փոխվարչապետների համատեղ նախագահությամբ, այնպես, ինչպես սահմանված է երեք երկրի ղեկավարների՝ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությամբ։
ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը մեկնաբանել է հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը, նշել՝ Վաշինգտոնը հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին և խաղաղությանը։
Նեդ Փրայս (ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ) - Հավատացած ենք, որ խնդիրների լուծման և շարունակական խաղաղության հասնելու բանալին ուղիղ երկխոսությունն է: Երկու երկրներն էլ հայտարարել են, որ ձգտում են երկարատև խաղաղության:
Առաջիկա ամիսներին ԱՄՆ-ը կշարունակի ներգրավված մնալ՝ դյուրացնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումները: Մենք կանենք այն ամենը, ինչը մեր կարծիքով կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների շփումներն օրակարգում են:
ՈՒՂԻՂ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ԲԱՆԱԼԻ. ՓՐԱՅՍ
Բաքվի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Իլհամ Ալիևի և Ռեջեփ Էրդողանի հեռախոսազրույցը: Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները քննարկել են Սոչիում Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը և ղեկավարների համատեղ հայտարարությունը։
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Ալիևն ու Էրդողանն անդրադարձել են նաև թուրք-ադրբեջանական բարեկամական և եղբայրական հարաբերությունների զարգացմանը:
ԿԱՅԱՑԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Հարավային Կովկասում զարգացումները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նաև Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները: ՌԴ ԱԳՆ տվյալով՝ Սերգեյ Լավրովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը շեշտել են, որ տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում Մոսկվայի և Թեհրանի դիրքորոշումները չեն տարբերվում։ Նախարարները կոչ են արել առկա բոլոր տարաձայնությունները լուծել բանակցությունների միջոցով։
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ 19 ԱՆՁ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԼՐՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ
Ադրբեջանը ձերբակալել է 19 անձի, որոնք մեղադրվում են Իրանի հետախուզական ծառայությունների օգտին լրտեսելու համար: Բաքվի պնդմամբ՝ նրանք ռազմական պատրաստություն են անցել և ֆինանսավորվել Թեհրանի կողմից: Նշվում է, թե իբր ձերբակալված անձինք եղել են Սիրիայում, որտեղ գործել են Ադրբեջանի ազգային շահերի դեմ, իսկ Ադրբեջանում պատրաստվել են տարածել իսլամական ծայրահեղականություն քարոզող նյութեր: