ՍԻՄՈՆՅԱՆԸ ԼՈՒՐՋ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդի վերջին նիստում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունները Հայաստանի Ազգային ժողովի նախագահը լուրջ չի համարում: Անդրադառնալով Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժման հարցում ՀԱՊԿ համարժեք արձագանքի բացակայությունն արդարացնելուն, ինչպես նաև Հայաստանում ԵՄ դիտորդական և ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելությունների աշխատանքներին դեմ արտահայտվելու Լուկաշենկոյի դիրքորոշմանը, Սիմոնյանը վստահություն հայտնեց՝ Բելառուսի ժողովրդին նույնպես իրենց նախագահի հայտարարությունները դուր չեն եկել:
Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Մտավախություն ունեմ, որ նույնիսկ արտահայտած մտքերն այնքան էլ իրենը չէին:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԲԵԼԱՌՈՒՍԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
Լուկաշենկոյի խոսքերին Նիկոլ Փաշինյանն արձագանքել է, սակայն Հայաստանի իշխանությունները որոշել են չհանրայնացնել պատասխանի տեսանյութը՝ նշում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Արայիկ Հարությունյան (ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար) - Քանի որ ֆորմատը փակ է եղել, և, ըստ էության, այդ նախաբանների շուրջ այդպիսի պայմանավորվածություն չի եղել, որ կամ պետք է հրապարակվի, կամ ոչ, յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրել իր գործելաոճը, և վարչապետ Փաշինյանն իր դիտարկումները այդտեղ ներկայացրել է:
ՀՀ-Ն ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՅԼԵՐ
ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից Հայաստանի իշխանությունները սպասում են պայմանագրային պարտավորություններին համապատասխան իրական քայլեր՝ ասում է Ալեն Սիմոնյանը, շեշտում՝ առկա խնդիրների բարձրաձայնումը հակառուսականություն չէ: Ազգային ժողովի նախագահը վստահեցնում է՝ ռուս գործընկերների հետ շփումներում արձանագրվում է՝ Հայաստանի գործող իշխանությունը ամենապրոռուսականներից է:
Ալեն Սիմոնյան - Վերջին այցի ժամանակ նույնիսկ, դրա տեսագրությունը կա, և ներկա մարդիկ կային, երբ Ռուսաստանի Պետդումայի ղեկավարը հայտարարեց, որ շատ ուրախ է, որ մեր շփումները շատ ավելի շատ են, որովհետև նախորդ իշխանությունների ժամանակ՝ Հանրապետական իշխանությունների ժամանակ, այդ շփումները բավարար չեն եղել, մենք ունեցել ենք ԱԺ նախագահ, որն ընդհանրապես, իրենց բառով ասած՝ не выездной է եղել, ունեցել ենք մարդիկ, ովքեր ռուսերենին չեն տիրապետել, և մեր կապերը շատ ավելի վատ են եղել:
ՀՆԱՐԱՎՈ՞Ր ԵՆ ԱՐԴՅՈՔ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ-ԲԱՔՈՒ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը՝ խորհրդարանի նախագահը վերահաստատեց՝ Արցախի ժողովրդի ճակատագրի մասին հետագա բոլոր խոսակցություններին պետք է մասնակցի Արցախի իշխանությունը, հավելեց՝ բարձր մակարդակի բոլոր հանդիպումներում Հայաստանի իշխանությունը կրկնում է այս դիրքորոշումը: Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունը, Սիմոնյանը նշեց՝ խոսակցություններ և շփումներ, ոչ ֆորմալ՝ այսօր էլ կան:
Ալեն Սիմոնյան - Սոչիում, Պրահայում և մնացած բոլոր տեղերում հայաստանյան իշխանությունն ասում է, մշտապես ասել է և ասելու է, որ Արցախի ժողովրդի ճակատագիրը և Արցախի հետ բոլոր խոսակցություններն անմիջականորեն պետք է տեղի ունենան Արցախի իշխանությունների և ներկայացուցիչների կողմից և մասնակցությամբ:
ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ՝ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ
Խորհրդարանական ընդդիմության առաջիկայում սպասվող հանրահավաքի առիթով Ալեն Սիմոնյանը հիշում է ռուսական հայտնի արտահայտությունը.
Ալեն Սիմոնյան - Никогда не останавливайся, позорься до конца! Իմ մոտ տպավորություն է, որ իրենք այդ լոզունգով են առաջ գնում, և ցավում եմ, օրինակ, որ Իշխան Սաղաթելյանը չի հասկանում, որ քաղաքական ինքնասպանության դերը իրեն են վստահել: Ուղղակի ապշում եմ, որ կարելի է չհասկանալ, որ իրեն ուղղակի դրդում են քաղաքական ոչնչացման:
ՓԱՇԻՆՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՈԴԵԼՈՎ
Շարունակելով ներքին քաղաքականության թեման՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նորընտիր վարչության անդամներն ընդգծում են՝ վարչության նախագահի պաշտոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը պայմանավորված է երկրի խորհրդարանական կառավարման մոդելով և բռնապետության ցուցիչ չէ:
Արայիկ Հարությունյան - Սա ամենաժողովրդավարական կուսակցությունն է, որ երբևէ գոյություն է ունեցել Հայաստանի Հանրապետությունում իր բոլոր ներքին և արտաքին գործընթացներում:
Ալեն Սիմոնյան - Մենք շատ մեծ դժվարությամբ ենք համոզել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ինքը համաձայնի, և առաջին անգամ ինքը համաձայնել է: Իր թեկնածությունը եղել է առաջին վարչության ժամանակ, երկրորդ, երրորդ վարչության ժամանակ որպես նախագահ, նա մշտապես հրաժարվել է:
«Քաղաքացիական պայմանագրի» անդամներն ընդգծում են՝ եթե նախորդ իշխանությունը լիներ ժողովրդավար, իրենք հեղափոխությամբ իշխանության չէին գա:
Ալեն Սիմոնյան - Եթե իշխանության մոտ շանս լիներ իշխանությունը պահելու կամ, օրինակ՝ Կարեն Կարապետյանի մոտ շանս լիներ այդ տեղափոխման ժամանակ իշխանության, այդ իշխանությունը խլելու, եթե ժողովուրդը Հայաստանի Հանրապետության դա թույլ տար, իրենք դա կանեին:
Պաշտոնյաները հիշեցնում են՝ Հայաստանի ժողովրդավարական լինելու մասին են վկայում նաև տարբեր միջազգային կազմակերպությունների զեկույցները:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան