Թուրքիայի դրոշով նավերը կկարողանան առանց որևէ խնդրի շարունակել հացահատիկի արտահանումը Ուկրաինայի նավահանգիստներից, չնայած որ Ռուսաստանը կասեցրել է իր մասնակցությունը Սևծովյան հացահատիկի նախաձեռնությանը՝ ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Նախարարը նաև հույս է հայտնել, որ կողմերը կկարողանան պայմանավորվել հացահատիկի վերաբերյալ համաձայնագրի շուրջ, հայտնում է Interfax-ը։
Հացահատիկի գործարքի թեման, ինչպես հաղորդվում է, երկուշաբթի և երեքշաբթի հեռախոսով քննարկել են Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի ու պաշտպանության նախարարները։
Հոկտեմբերի 29-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Մոսկվան, հաշվի առնելով ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը Սևաստոպոլում Սևծովյան նավատորմի նավերի վրա, անորոշ ժամկետով դադարեցնում է ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման հարցով «Սևծովյան նախաձեռնության» իրականացումը։
Ըստ հուլիսի 22-ին Ստամբուլում ՄԱԿ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի մասնակցությամբ ստորագրված փաստաթղթի՝ միջանցք է ստեղծվել ուկրաինական երեք նավահանգիստներից՝ Չեռնոմորսկից, Օդեսայից և Յուժնիից հացահատիկի արտահանման համար։