ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:
Վարչապետը վստահեցրեց, որ այդ հանդիպման արդյունքում քայլ արվեց խաղաղության օրակարգի իրականացման ուղղությամբ:
«Դա շատ օգտակար և կարևոր հանդիպում էր: Իհարկե, այն ունեցել է հրապարակային ու դռնփակ մաս, կարևոր հարցեր են հնչել: Հայաստանում այդ հանդիպումից առաջ որոշակի քննարկումներ էին ծավալվել, թե արդյոք ՀՀ-ն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և ԼՂ հիմնախնդրի կարգավորման ճանապարհին գնում է այն հնարավոր ամենաօպտիմա՞լ տարբերակով, որն առկա է դաշտում: Խոսք էր գնում այն մասին, թե բովանդակային առումով ինչքանո՛վ է բանակցություններում ներգրավված պաշտոնյաների վարած քաղաքականությունը համապատասխանում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շահերին:
Հիմա մենք հրապարակային կարող ենք տեսնել ու համեմատել, թե ինչքանով է մեր քաղաքականությունը համապատասխանում այն տեսլականին ու շրջանակին, որն այսօրվա իրողությունների պայմաններում բարձրաձայնվում և առաջարկվում է նաև ընդդիմության կողմից:
Քանի որ քննարկվել է, գիտեք` քննարկում կա, որ կա ռուսական առաջարկ կամ ռուսական հայեցակարգ և ոչ ռուսական հայեցակարգ: Փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ Հայաստանի Կառավարության քայլերը հակասության մեջ են մտնում ռուսական հայեցակարգի հետ: Դա այդպես չէ: Ես հիմա կարող եմ ներկայացնել, թե ինչու այդպես չէ:
Հնչել են հրապարակային հայտարարություններ: Ես ինքս չէի կարող դա հրապարակային հնչեցնել նախկինում, քանի որ ինչ-որ առումով կլիներ էթիկայի խախտում, բայց քանի որ հայեցակարգերի հեղինակներն իրենք որոշակիորեն բացահայտել են, թե ինչում է նրբությունը, ես կարող եմ արդեն այդ դիտանկյունից անդրադառնալ հարցին: Ռուսաստանի մեր գործընկերները հայտարարել են, որ, իրենց կարծիքով՝ ճիշտ մոտեցումը կլինի այն, որ ԼՂ կարգավիճակի հարցը հետաձգվի անորոշ ժամանակով»,- ասաց վարչապետը:
Վարչապետը նշեց՝ սա հիմնավորվում է նրանով, որ այս պահին օբյեկտիվորեն չկա մի կարգավիճակ, որը փոխընդունելի կլինի:
Փաշինյանի խոսքով` ՀՀ Կառավարության քաղաքականությունը լիարժեք համապատասխանում է այս տեսլականին:
Նա հիշեցրեց հարցի երեք կոմպոնենտը` ԼՂ հայության անվտանգություն, իրավունքներ և կարգավիճակ, ու նշեց. «Դուք նկատել եք, որ հընթացս «կարգավիճակ» բառը, որպես այսօրվա ամենօրյա լուծման խնդիր, փորձել ենք մի կողմ դնել հենց այս տեսլականի բերումով: Համաձայնել ենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ, որ այդ թեման հիմա չարժի գնալ ու փորձել լուծել, որովհետև դա կբերի անխուսափելի ճգնաժամի»: