Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք Իսրայելում հինգերորդն են 2019 թվականի գարնանից ի վեր, անցկացվել են երեքշաբթի՝ 71,3 տոկոս մասնակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Exit poll-ը կանխատեսում է «Լիկուդ» կուսակցության ղեկավար և ընդդիմության ներկա առաջնորդ Բենիամին Նեթանյահուի հաղթանակը, որը 2009-ից մինչև 2021 թվականի հունիսը մշտապես զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, բայց կորցրեց այն, քանի որ չկարողացավ ստեղծել կայուն կառավարական կոալիցիա՝ Կնեսետում ունենալով 120 մանդատից 60-ից ավելին:
Բենիամին Նեթանյահուի դաշինքը, որը ներառում է «Լիկուդը», «Կրոնական սիոնիստներ» ծայրահեղ ուղղափառ կուսակցությունների դաշինքը, ըստ exit poll-ի, այս անգամ էլ կարող է ստանալ 120 մանդատից 61-ը:
Գործող վարչապետ Յաիր Լապիդի Եշ Աթիդ կուսակցությունը, որը երկրորդ տեղում է, ըստ նույն exit poll-ի, կստանա 22 մանդատ։ Պոտենցիալ դաշնակիցների հետ այս քաղաքական ուժը կարող է հույս դնել 54 պատգամավորից բաղկացած կոալիցիայի վրա, այսինքն՝ Կնեսետի կեսից պակաս։
Exit poll-ի տվյալով՝ 3,25 տոկոս ընտրական շեմը, ամենայն հավանականությամբ, կարող է հաղթահարել արաբական «Բալադ» կուսակցությունը, որն այս դեպքում կստանա 4 պատգամավորական մանդատ՝ Նեթանյահուի ճամբարից խլելով 2-ը։
Իսրայելում ընտրությունների վերջնական արդյունքները պաշտոնապես կհրապարակվեն նոյեմբերի 9-ին։