Ես ողջունում եմ Արցախի ԱԺ հայտարարությունը և շատ դրական եմ գնահատում այն հանրահավաքը, որը տեղի ունեցավ Արցախում, միևնույն ժամանակ, դա չի խանգարում և հետադարձ որևիցե ձևով ստվեր չի գցում այն փաստի վրա, որ մենք մշտապես մասնակից ենք դարձնում Արցախի իշխանություններին. այս անգամ արդեն ավելի ենք խորացել և պառլամենտական իշխանության ներկայացուցիչների հետ մշտապես շփումների մեջ ենք: Այդ մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է այն մտահոգություններին, թե Արցախի ինքնորոշման իրավունքից ՀՀ իշխանությունը հրաժարվել է, ապա Սիմոնյանը չհամաձայնեց դրա հետ:
«Ես իմ հարցազրույցներում ասում եմ` Արցախի ժողովրդի իրավունքները, իսկ ինքնորոշման իրավունքն իրավունք է, մեզ համար հետևողական հետապնդվող նպատակներից մեկն է, և որևիցե մի տեղ չեք գտնի, որ նման բան չի ասվել: Որևիցե մեկը չի ասել, որ ինքնորոշման իրավունքն իրավունք չէ և այլևս գոյություն չունեցող թեզ է»,- ասաց ԱԺ նախագահը:
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Սոչիում և Պրահայում քննարկվել է մեծ մասամբ Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության համաձայնագիրը:
«Սոչիում ու Պրահայում և այլուր հայաստանյան իշխանությունն ասում է և մշտապես ասելու է, որ Արցախի ժողովրդի ճակատագիրը և Արցախի հետագա բոլոր խոսակցություններն անմիջականորեն պետք է տեղի ունենան Արցախի իշխանությունների ներկայացուցիչների կողմից և մասնակցությամբ:
Մենք սկզբից էլ ասել ենք, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, մեծ փոփոխություն չկա: Որևիցե ձևով չի փոխվել դիրքորոշումը: Պարզ է՝ պատերազմ է եղել, պարզ է՝ շատ բան է փոխվել, աշխարհաքաղաքական բաներ են փոխվել, և դրանք ստիպում են ինչ-որ փոփոխություններ անելու, բայց հիմնական առումով որևիցե փոփոխություն տեղի չի ունեցել»,- ասաց Ալեն Սիմոնյանը: