2023 թ. համար կրճատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի բյուջետային հատկացումը: Այս մասին ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով վարչապետի աշխատակազմի 2023 թ. բյուջետային հայտը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից:
«Մենք տարեցտարի փորձում ենք բյուջեն ավելի որակյալ դարձնել՝ հրաժարվելով անարդյունավետ ծախսերից»,- նշել է Արայիկ Հարությունյանը՝ մատնանշելով ավտոպարկի կրճատումը:
Նա ընդգծել է, որ այս տարի 6 մեքենա է կրճատվել. ընդհանուր 46-ից դարձել է 40:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը շեշտել է, որ ավտոպարկի կրճատումը միակը չէ. «Վարչապետի լիազորությունների ապահովում» ծրագրով առկա է 86 մլն դրամի նվազում, նաև ավարտվել է «Պետական հատվածի արդիականացում» ծրագիրը:
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ 217 մլն չափով ավելացել է «Հանրային իրազեկում» ծրագրի, ինչպես նաև՝ «Հայաստան-Սփյուռք գործակցություն» ծրագրի բյուջետային հատկացումը: «1,4 մլրդ ավելացում ունենք «Տեսչական վերահսկողության» ծրագրով, որի շրջանակում տարբեր միջոցառումներ են իրականացվելու՝ տեսչական մարմինների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ»,- ասել է նա:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին:
ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Թումասյանը հետաքրքրվել է, թե արդյոք տեսչական վերահսկողության 1,4 մլրդ ավելացումը ենթադրո՞ւմ է նաև աշխատակիցների թվի ավելացում և աշխատավարձերի բարձրացում: Արայիկ Հարությունյանը նշել է, որ հաստիքների ավելացում չեն նախատեսել. կան բազմաթիվ թափուր հաստիքներ, որոնք լրացնելու կարիք ունեն: Նա ընդգծել է, որ տեխնիկական լուրջ ապահովման խնդիր է լուծվում: