10 տարի ակտիվ սպորտով զբաղվելուց, կարատեի սև գոտի ստանալուց հետո՝ ծառայություն, 44-օրյա պատերազմ: Դիլիջանցի Ռուբիկ Արզումանյանը շատ բան չի ուզում պատմել ծառայությունից ու կռվից, հիմա կենտրոնացել է կյանքի ու ապագայի վրա:
Որոշեց դիմել միասնական սոցիալական ծառայություն: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սեպտեմբերից ծրագիր է գործարկել, որի նպատակն է օգնել 2016 և 2020 թվականների պատերազմների մասնակիցներին աշխատանք գտնել: Արդեն 2 ամիս է՝ Ռուբիկ Արզումանյանը մարզչի օգնական է՝ քառամարտ է դասավանդում:
Ռուբիկ Արզումանյան (ծրագրի շահառու) - Նախկինում քանի որ ես եղել եմ մարզիկ, 10 տարուց ավել զբաղվել եմ կարատեով, ինչպես նաև սիրողական զբաղվել եմ պտտաձողով և ծանր քաշային գործիքներով, հիմա որ արդեն դարձել եմ մարզիչ, տարբերությունը էնքանով ա, որ ես ինչ սովորել եմ իմ ողջ կյանքի ընթացքում, պիտի փոխանցեմ ինձնից ցածր տարիքային սերունդներին, ու դա ինձ դուր ա գալիս:
Արդեն 2 խումբ ունի, մարզական ակումբի համահիմնադրի հետ մարզում են դպրոցականների: Քառամարտի բաղադրիչներն են՝ լող, շախմատ, ինքնապաշտպանություն ու հրաձգություն: Մարզիչ Գարիկ Թովմասյանի մոտ այս խմբակը բացելու գաղափարն էլ հենց պատերազմից հետո ծնվեց:
Գարիկ Թովմասյան («Դիլիջան» մարզային ակումբի համահիմնադիր) - Քանի որ երեխաների քանակը շատացել էր, և ես մենակ չէի հասցնում երեխաներով զբաղվել, ճիշտ ժամանակին զբաղվածության կենտրոնից զանգեցին ու ասեցին, որ պատերազմի մասնակից տղաներ կան, ովքեր սպորտի սիրահար են և կարող են քեզ օգնական դառնալ:
Շիրակում ևս ծրագիրը հաջողությամբ է մեկնարկել: Միասնական սոցիալական ծառայության հետ նաև Գյումրիի գործատուներն են աշխատում: Գագիկ Մխիթարյանը ծրագրի մասին լսել էր, ցանկանում էր հենց պատերազմի մասնակցի աշխատանքի ընդունել:
Գագիկ Մխիթարյան («Անի» ֆոտո ծառայության տնօրեն) - Հայտ ներկայացնելով, որ ունենք ազատ աշխատատեղեր, հրավիրեցինք նաև մասնակիցներ, ովքեր չունեին աշխատանքային փորձ, մասնագիտություն ու ընտրելով թե՛ մեզ համար, թե՛ մեր գործընկերոջ համար լավ տարբերակ՝ հրավիրեցինք ուսումնական պրոցես անցնելու մեզ մոտ, որից հետո նաև հստակ կընդունենք աշխատանքի:
Գյումրեցի տղան, որքան էլ տեսախցիկով աշխատում է, օբյեկտիվի առաջ հայտնվելուց խուսափեց, չցանկացավ նկարահանվել: Ծրագիրը 3 կոմպոնենտ ունի՝ մանրամասնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյան: Աջակցությունը թե՛ գործատուների համար է, թե՛ պատերազմի մասնակից շահառուների:
Ժորա Սարգսյան (ՀՀ ԱՍՀՆ աշխատանքի և զբաղվածության վարչության պետ) - Առաջին ուղղությունը այն է, որ եթե գործատուն գտնում է, որ իր թափուր աշխատատեղը համալրելու համար պատերազմի մասնակիցը նախքան աշխատելը պետք է մասնագիտական ունակությունները իր ավելացնի՝ թրեյնինգ իրականացվի իր հետ, պետությունը պատրաստակամ է մինչև 5 ամիս, յուրաքանչյուր ամիս 50 հազար դրամ տրամադրելով աջակցի մեր շահառուին, նոր դրանից հետո գործատուն կունենա պատրաստի վերապատրաստված կադր, ում պետք է ընդունի աշխատանքի:
Պետք է, որովհետև 5 ամիս ուսուցում անցնելուց հետո առնվազն մեկ տարով աշխատանքային պայմանագիր կնքելը պարտադիր պայման է: Պայմանագիր կնքելուց հետո էլ պետությունը կփոխհատուցի գործատուի վճարած հարկերը՝ 1 տարի շարունակ, յուրաքանչյուր ամիս մինչև 50 հազար դրամ: Աջակցության ծրագրի երկրորդ բաղադրիչը փորձաշրջանն է: Գործատուն կարող է աշխատակցի պրակտիկան իր մոտ ապահովել, այդ դեպքում պետությունը 3 ամիս կվճարի փորձաշրջանի համար՝ մինչև 68 հազար դրամ և հարկերի փոխհատուցում: Նվազագույն աշխատավարձի բարձրացումից հետո կբարձրանա նաև աջակցության չափը:
Ժորա Սարգսյան - Եվ երրորդ ուղղությունը, որը որ կրկին աջակցության համար է նախատեսում, հետևյալն է. կարող է հարցազրույցի ընթացքում գործատուն պարզում է, որ պատերազմի մասնակիցը, ում պատրաստվում է ընդունել աշխատանքի, ո՛չ կարիք ունի վերապատրաստման, ո՛չ էլ կարիք ունի իր մոտ պրակտիկայի, այլ պատրաստի կադր է և կարող է հենց վաղվանից էլ անցնել աշխատանքի: Տվյալ պարագայում մենք միանվագ միանգամից 300 հազար դրամ ենք տրամադրում գործատուին, որպեսզի կրկին առնվազն մեկ տարով պայմանագիր կնքեն:
Գործատուն և աշխատանք փնտրող պատերազմի մասնակիցը կարող են դիմել հանրապետության միասնական սոցիալական ծառայության ցանկացած գրասենյակ:
Ժորա Սարգսյան - Հիմնականում արտադրություն, սպասարկման ծառայություններ, մեծամասամբ այդ ոլորտներում են իրականացվում, նաև զբոսաշրջություն, այսինքն՝ էն ոլորտները, որտեղ կա առավել պահանջարկ, քան այլ ոլորտներում:
Սեպտեմբերին մեկնարկած ծրագիրը այս տարի դեռ պիլոտային է, նախատեսված 200 հոգու համար, բայց եթե շահառուների թիվը մեծ լինի, պետությունը պատրաստ է բոլորին տրամադրել աջակցություն: 15 հոգի արդեն պայմանագիր է կնքել, ավելի շատ է գրանցվածների թիվը, որոնց համար այս պահին միասնական սոցիալական կենտրոնը հարմար աշխատանք է փնտրում: