ԶԱՍԸ ԵՎ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՊԿ-Ի ԱՌԱՋԻԿԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը տեղեկացրել է նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստի նախապատրաստման ընթացքի, ինչպես նաև Հավաքական անվտանգության խորհրդի մի շարք առանձին հանձնարարականների կատարման մասին՝ տեղեկացրել են կազմակերպության մամուլի ծառայությունից:
Կողմերը քննարկել են կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը, այդ թվում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած արտահերթ նիստի արդյունքները:
«ՀԱՊԿ-ը շարունակում է աշխատել սեպտեմբերին Հայաստան ուղարկված առաքելության արդյունքների հիման վրա հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ առաջարկությունների մշակման ուղղությամբ»,- հայտնել է Զասը:
Ադրբեջանը չկարողացավ խաղաղ ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Պաշտոնը ստանձնելուց առաջ Զասը՝ որպես Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղար, հաճախ է այցելել Ադրբեջան:
«Բազմիցս խոսել եմ նրանց հետ, տեսել եմ, որ երկիրն ակտիվորեն պատրաստվում էր ուժային տարբերակին։ Ես նրանց ասել եմ, որ պետք է, այնուամենայնիվ, այդ հարցը բանակցությունների միջոցով լուծել»,- ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ ափսոսանք հայտնելով, որ հնարավոր չեղավ հարցը խաղաղ ճանապարհով լուծել:
ԿԱՅԱՑԵԼ Է ՌԴ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Հարավային Կովկասում կայունացմանը նպաստող հնարավոր քայլերը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները: Սերգեյ Լավրովը ու Մևլութ Չավուշօղլուն քննարկել են նաև հոկտեմբերի 29-ին Սևաստոպոլ քաղաքում ռազմանավերի և քաղաքացիական նավերի դեմ Ուկրաինայի իրականացրած հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Լավրովի խոսքով՝ Ուկրաինան պետք է երաշխավորի, որ մարդասիրական միջանցքը և ուկրաինական նավահանգիստները, որոնք նախատեսված են գյուղատնտեսական ապրանքների արտահանման համար, չեն օգտագործվի Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար։
«Միայն այդ դեպքում է հնարավոր քննարկել Սևծովյան նախաձեռնությամբ սահմանված անվտանգության միջանցքով երթևեկությունը վերականգնելու հարցը»,- հայտարարել է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը:
ՖՐԱՆՍԻԱՆ ԿՕԳՆԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՁՄԵՌԸ. ՄԱԿՐՈՆ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Ֆրանսիան կօգնի Ուկրաինային հաղթահարել ձմեռը և կաջակցի վերականգնել ռուսական հարվածներից վնասված երկրի ջրային և էներգետիկ ենթակառուցվածքները: Հեռախոսազրույցի ընթացքում Էմանուել Մակրոնը վստահեցրել է, որ Փարիզը նաև կօգնի ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը:
Մակրոնը նշել է, որ Զելենսկիի հետ պայմանավորվել են դեկտեմբերի 13-ին Փարիզում միջազգային համաժողով անցկացնել՝ ձմռանը ուկրաինացի խաղաղ բնակիչներին աջակցելու համար: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Մակրոնի հետ զրույցը չափազանց կարևոր և արդյունավետ է եղել:
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսով քննարկել է հացահատիկի գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը: Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը կշարունակի խթանել հացահատիկի գործարքի հետ կապված խնդիրները լուծելու նախաձեռնությունները։ Նա նաև վստահություն է հայտնել, որ այս հարցում հնարավոր է փոխզիջման հասնել։
ԱՐԵՎՄՈՒՏՔՆ ԱՇԽԱՐՀԸ ՏԱՆՈՒՄ Է ԳԼՈԲԱԼ ՊԱՏԵՐԱԶՄԻ. ՄԵԴՎԵԴԵՎ
Արևմուտքն աշխարհը տանում է գլոբալ պատերազմի, և միայն Ռուսաստանի ամբողջական և վերջնական հաղթանակը համաշխարհային հակամարտության չվերածվելու երաշխիք կդառնա, հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահը:
Դմիտրի Մեդվեդևը մեջբերել է արևմտյան երկրների թեզը՝ «Ռուսաստանին չի կարելի թույլ տալ, որ հաղթի պատերազմը»։ Իսկ Ուկրաինայի հաղթանակը, ըստ Մեդվեդևի, Կիևի ռեժիմի կողմից նախկինում իրեն պատկանող բոլոր տարածքների վերադարձ է նշանակում:
«Սա սպառնալիք է մեր պետության գոյությանը և նշանակում է Ռուսաստանի փլուզում»,- ընդգծել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահը՝ հավելելով՝ սա ուղղակի պատճառ է միջուկային զսպման ոլորտում Ռուսաստանի պետական քաղաքականության հիմունքների 19-րդ կետի կիրառման համար:
«Ի՞նչ է սա, եթե ոչ միջուկային զենքի կիրառմամբ համաշխարհային պատերազմի ուղղակի հրահրում»,- ասել է Մեդվեդևը։
ՈՒԿՐԱԻՆԱՆ ՉԻ ԴԱԴԱՐՈՒՄ ՀՐԵՏԱԿՈԾԵԼ ԶԱՊՈՐՈԺԻԵԻ ԱԷԿ-Ը. ՇՈՅԳՈՒ
Ուկրաինայի ենթակառուցվածքների թիրախավորումը թույլ է տալիս նվազեցնել ուկրաինական զինված ուժերի ներուժը՝ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարը: Սերգեյ Շոյգուի հավաստմամբ` սպառիչ միջոցներ են ձեռնարկվում Ուկրաինայի քաղաքացիների մահը կանխելու համար։
«Ուկրաինայի զինված ուժերը չեն դադարում հրետակոծել Զապորոժիեի ատոմակայանը, տարհանման կետերը և հումանիտար օգնության բաշխման վայրերը»,- ասել է պաշտպանության նախարարը։ Շոյգուն հայտնել է նաև, որ հակառակորդի օդային հարձակումները հետ մղելու ընթացքում «վերջին տասը օրվա ընթացքում ռուսական բանակը չեզոքացրել է HIMARS համակարգերից արձակված ավելի քան 200 հրթիռ»։
Պաշտպանության նախարարության ղեկավարը նաև հիշեցրել է, որ այսօրվանից Ռուսաստանում սկսվել է աշնանային զորակոչը։ Նա ընդգծել է, որ ժամկետային զինծառայողներին ռազմական գործողությունների գոտի չեն ուղարկելու։