ԲԱԴԱՍՅԱՆԸ ՄԱՆՐԱՄԱՍՆԵԼ Է ՊԵԿ-Ի ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ԱՊԱԳԱ ԾՐԱԳՐԵՐԸ
Բյուջետային քննարկման երկրորդ օրը տնտեսական բլոկինն էր: 2023-ի հայտով ՊԵԿ-ին նախատեսված է հատկացնել 35.5 միլիարդ դրամ: Գլխավոր հարկահավաքը, խոսելով հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունից, հիշեցրեց՝ 2026 թվականի համար Կառավարության հնգամյա ծրագրով նախատեսվում է այս շեմը հասցնել 25 տոկոսի: Բադասյանը ներկայացրեց նաև ընթացիկ ցուցանիշները, ասաց՝ եկամտահարկի վերադարձի հարցում տարեցտարի աճ է գրանցվում՝ առաջին 9 ամսվա տվյալով՝ միայն հիփոթեքային ծրագրի համար 25.8 միլիարդ դրամ են վերադարձրել: Աճի միտում սպասում են նաև 23-ին:
Ռուստամ Բադասյան (ՀՀ ՊԵԿ նախագահ) - Դեռ աճում է, դեռ աճման միտում ունի, որովհետև շինարարական թույլտվությունները շատերի մոտ ուժի մեջ են, և մենք այս տարի 25.8 միլիարդ վերադարձրել ենք:
22-ին հարկ վճարողների հետ ՊԵԿ-ն անցել է էլեկտրոնային շփման՝ թղթով նամակ ուղարկելը հանելով ամենօրյա վարչարարությունից: Տարեկան կտրվածքով էլ՝ ռիսկի վրա հիմնված ստուգումները 720 սուբյեկտի մոտ են իրականացնում: Բադասյանի խոսքով՝ շարունակում են Մեղրիի անցակետի արդիականացման ծրագիրը. շինարարի մրցույթն ավարտվել է, աշխատանքները կընթանան 23-ին: Բագրատաշենում էլ փոփոխություններ կարվեն՝ կտարանջատվեն բեռնատարների ու ֆիզիկական անձանց մեքենաների հսկողության գոտիները: Նոր կենտրոն են հիմնելու նաև Երևանում՝ իրականացնելով տնտեսվարողների մեկ պատուհանով սպասարկում:
Ռուստամ Բադասյան - Էնտեղ պետք է ներկայացված լինեն բոլոր պետական մարմինները, որոնք ներմուծման արտահանման պրոցեսում թույլտվական փաստաթուղթ տալու մեջ ներգրավված են, և ենթադրվում է իրենց կողմից որոշակի ֆիզիկական զննության իրականացում, որ, նախ, մասնավոր մաքսային տերմինալների վրա տնտեսվարողը ժամանակ և ռեսուրս չվատնի:
298,5 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄ՝ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
Այսօր ներկայացված գերատեսչություններից ամենամեծ բյուջետային հայտը տարածքային կառավարման նախարարությանն էր՝ 298,5 միլիարդ: Փոխնախարար Տերտերյանի խոսքով՝ 23-ին էլ շարունակելու են ճանապարհաշինական աշխատանքները՝ մեծ ուշադրություն դարձնելով Հյուսիս-հարավին:
Վաչե Տերտերյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար) - Մասնավորապես, Թալին-Լանջիկ 18 կմ և Լանջիկ-Գյումրի 27,5 կմ հատվածների, նույնպես կարևոր է, կարծում եմ, Աշտարակ-Թալին 41.9, Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարահատվածների վերանորոգման աշխատանքները, ինչպես նաև Սիսիան-Քաջարան 60 կմ ճանապարհի սկիզբն ու մոտեցումը Քաջարանի թունելի հատվածին:
Տերտերյանի կանխատեսմամբ՝ մոտ ապագայում ամբողջությամբ շահագործման կհանձնվի Երևան- Գյումրին, ասաց՝ ուշադրություն են դարձնելու Մ6-ի անվտանգության խնդիրներին:
ՀՈՒԼԻՍԻՑ ՕԳՈՍՏՈՍ ԵՐԿՐՈՒՄ ԱԶԱՏ ՀՅՈՒՐԱՆՈՑ ՉԻ ԵՂԵԼ. ՔԵՐՈԲՅԱՆ
Էկոնոմիկայի նախարարության բյուջետային հայտն էլ մոտ 65 միլիարդ դրամ է: Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ 23-ին շարունակելու են նաև այս տարի սկսված ծրագրերը: «Ենթակառուցվածքներ՝ ներդրումների դիմաց» ծրագրով, ըստ Քերոբյանի, 100-ից ավելի հայտ ունեն, չնայած դեռ մեկնարկը չի տրվել:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Այն ընկերություններին, որոնք ներդրումային ծրագրեր ունեն Հայաստանում, խոստանում ենք իրենց կատարած ներդրման չափով նաև օժանադակել իրենց ենթակառուցվածքների օժանդակությանը. եթե սարքում է գործարան, և նրան պետք է ջրագիծ, ճանապարհ կամ որևէ այլ ենթակառուցվածք, ապա Կառավարությունը հաստատում է ծրագիրն ու իրականացնում դա:
Նախարարն առանձնացրեց նաև զբոսաշրջությունը, ասաց՝ հուլիսից-օգոստոս երկրում ազատ հյուրանոց չի եղել, կարծում է՝ դրանց քանակը պետք է ավելացնել։ Սեզոնին գերբեռնվածության առումով առաջին տեղում են լինում Երևանն ու Գյումրին:
2023-ԻՆ ՇԻՐԱԿՈՒՄ ՆՈՐ ԹԱՂԱՄԱՍԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՍԿՍՎԻ. ՂՈՒԼԱՐՅԱՆ
23-ին Շիրակի մարզում էլ բնակելի նոր թաղամասի շինարարություն կսկսվի, մրցույթն արդեն հայտարարված է՝ սա էլ զեկուցեց քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը: Ղուլարյանի խոսքով՝ հաջորդ տարի նաև Երևանում հատուկ նշանակության շենք-շինությունների անձնագրավորում էլ կանեն: Ղուլարյանը ներկայացրեց նաև Շուռնուխում նոր բնակարանների կառուցման ընթացքը:
Արմեն Ղուլարյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ղեկավար) - Տարվա երկորրդ կեսին, բավականին դժվարություններով հանդերձ, շինարարությունը կանգնել էր, հիմա վերսկսված է: Մենք մինչև տարվա վերջ 13 տունը ամբողջությամբ կավարտենք, բարեկարգման աշխատանքները, անհանգստություն ունենք, որ կարող է որոշակի չափով չկարողանանք ավարատել, ու տեղափոխվի մյուս տարի:
Հանրային ծառայությունները կարգավորող հաձնաժողովն էլ իրենց հատկացվելիք բյուջեի 6 տոկոսը կուղղի «Գազպրոմի» ու Էլցանցերի 22-ի ներդրումների տեխնիկական աուդիտի ձեռքբերմանը, սա ազդում է նաև սակագների քննարկման հայտերի վրա՝ նշեց հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Ֆինանսաբյուջետային ու տնտեսական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր քննարկվեցին նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Կադաստրի կոմիտեի և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի բյուջետային հայտերը: