Հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան և հարավարևելյան ուղղություններում օպերատիվ իրադրությունը հարաբերական կայուն է: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը նշում է՝ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները հիմնականում արձանագրվում են Կուտական, Կախակն, Սոթք և Ջերմուկ բնակավայրերի ուղղությամբ:
Էդվարդ Ասրյան (ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ) - Հակառակորդը փորձում է կանխարգելել մեր կողմից ինժեներական կահավորման աշխատանքների իրականացումը, քանի որ մենք նախաձեռնել ենք մեծածավալ աշխատանքների իրականացում, ամրացնում ենք զբաղեցրած բնագծերը, դիրքերը, շրջանները:
Սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիայից հետո առաջնագծում որոշ փոփոխություններ են եղել՝ հայտնում է գլխավոր շտաբի պետը, հավելում՝ Ջերմուկի ուղղությամբ մեր տարածք մխրճված ադրբեջանական խումբը, որը գտնվում էր շրջափակման մեջ, կորուստներ կրելով հետ է քաշվել:
Էդվարդ Ասրյան - Ներկա դրությամբ Ջերմուկի ուղղությամբ ունենք գծագրված առաջնագիծ, որն ապահովում է Ջերմուկ քաղաքի անվտանգությունը: Սեպտեմբերի 16-ից հետո երկու անգամ այցելություն եմ ունեցել Ջերմուկի ուղղություն, այնտեղ ամեն ինչ համակարգված է, իրադրությունը հարաբերական կայուն է:
Գլխավոր շտաբի պետն անդրադարձավ նաև ադրբեջանական ագրեսիայի հետևանքով անհետ կորած զինծառայողների ճակատագրին և զոհվածների դիերի վերադարձին:
Էդվարդ Ասրյան - Վերջին տեղեկություններով՝ ես գիտեմ, որ 10 դի վերադարձվել է, և, եթե արդեն կատարվի ԴՆԹ ճանաչում, մենք կունենանք 16 անհետ կորածներ:
Էդվարդ Ասրյանը հայտնեց՝ Կուտականի ուղղությամբ հակառակորդի դիրքում հայկական զինված ուժերը դիտարկման արդյունքում հայ զինծառայողի մարմին են նկատել, սակայն ադրբեջանական կողմն այնտեղ մուտք գործելու թույլտվություն չի տալիս:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան