Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ և Զոլաքար գյուղական բնակավայրերը վերածվել են շինհրապարակի: Սուբվենցիոն ծրագրերով կառուցվում կամ հիմնանորոգվում են ոռոգման և խմելու ջրագծերը: Խորհրդային ժամանակներից ժառանգած ոռոգման համակարգը գրեթե 80 %-ով քայքայված էր, իսկ որոշ բնակավայրերի առանձին թաղամասեր տասնյակ տարիներ զրկված են եղել խմելու ջրից:
Հովիկ Հովեյան (Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար) - Ոռոգման համակարգերը նախկինում եղել են հողից առուներ, որոնք տարիներ շարունակ ոչ թե չեն վերանորոգվել, այլ ընդհանրապես աշխատանք չի կատարվել: Ընդամենը մի հողային առու մաքրելու աշխատանք: Խմելու ջրագծերը անցնում են փողոցներով, որտեղ որ ընդհանրապես ջրագծեր չկան, կամ եղել են դեռ խորհրդային տարիներին կառուցված, որ արդեն օգտագործման պիտանի չեն:
Զոլաքարի 270 տնտեսություն մինչև տարեվերջ կապահովվի շուրջօրյա ջրամատակարարմամբ: Այստեղ կառուցվում է 8 կմ 200 մ երկարությամբ խմելու ջրագծի ներքին ցանց, որի պայմանագրային արժեքը 119 միլիոն 760 հազար դրամ է: 70 %-ը հատկացրել է Կառավարությունը, 30 %-ը՝ համայնքը:
Արթուր Փանոյան (շինարարական աշխատանքների ղեկավար) - Աշխատանքներն ընթանում են նորմալ: Մատերիալ, ամեն ինչ նորմալ հասցնում են, խողովակները, փականները, ամեն ինչ նորմալ է էս պահի դրությամբ:
Նարինե Սարգսյան (բնակիչ) - Մենք հիմնականում արտեզյան ջուր ենք օգտագործում: Մենք սարի էդ բնական ջրից չեն օգտագործում, չունենք, քանի որ շատ հեռու է էղել: Մենք էլ ուրախ ենք, որ մեր գյուղի համար մի լավ բան կէղնի, ջուրն արդեն, իմալ կըսա, էլ արտեզյան ջրեր չենք խմի, մենք մեր բնական ջուրը կխմենք:
Ծովինար, Արծվանիստ և Վարդենիկ բնակավայրերի բնակիչներն այլևս ոռոգման ջրի կորուստ չեն ունենա: Նախկին հողային առուներին փոխարինել են երկաթբետոնե վաքերը: Ծովինարում և Արծվանիստում ոռոգման ջրատարների երկարությունը 700-800 գծամետր է, Վարդենիկում՝ 2 կմ 840 մ: Երեք բնակավայրում իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը 172 մլն 964 դրամ է:
Ազատ Մանուկյան (Վարդենիկի բնակիչ) - Սարի առուն նավեր են դնում, որպեսզի ջրի կորուստ չըլնի: Էս նավերը դրել են, ապահովել են: Ուղղակի կազմակերպել է պետք, որ գյուղացին ժամանակին իր հողամասը ջրի, արդյունք ստանա:
Շինարարները խոստանում են՝ բնակավայրերում խմելու և ոռոգման ջրագծերի կառուցման աշխատանքները կավարտեն մինչև տարեվերջ:
Հեղինակ՝ Անահիտ Կարեյան