ՖՐԱՆՍԻԱ
ՇՈԿՈԼԱԴԵ ԶԳԵՍՏՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՓԱՐԻԶԻ ՇՈԿՈԼԱԴԻ ՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ
Փարիզի շոկոլադի տոնավաճառի շրջանակում ֆրանսիացի մոդելները և Օլիմպիական խաղերի աստղերը շոկոլադից պատրաստված հագուստներով, նույնիսկ իրական չափսերի պատյանով ու կրծքազարդերով դուրս են եկել կատվաքայլի:
Շոկոլադի 27-րդ տոնավաճառի թեման «ֆրանսիական գերազանցությունն» է: Ամեն տարի հազարավոր հանդիսականներ են հավաքվում Փարիզի Ցուցահանդեսների պուրակում՝ ծանոթանալու 280 տաղավարի ներկայացրած շոկոլադե ապրանքներին և, ինչու ոչ, վայելելու դրանցից:
Տոնավաճառի այցելուները հանդիպում են շոկոլադագործների ու հրուշակագործների կակաոյի արտադրությամբ զբաղվող գրեթե բոլոր երկրներից:
Տոնավաճառի շրջանակում անցկացվել են նաև լավագույն խոհարարների պատրաստած անուշեղենի համտեսումներ, մեծահասակների և երեխաների համար նախատեսված վարպետության դասեր:
ՄԵՔՍԻԿԱ
ՀՍԿԱ ԳԱՆԳԵՐԸ ԶԱՐՄԱՑՐԵԼ ԵՆ ԱՆՑՈՐԴՆԵՐԻՆ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻ ՕՐՎԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ
Հսկա գունավոր գանգերը և նրբագեղ հագնված կմախքները հեղեղել են Մեքսիկայի մայրաքաղաքի գլխավոր պողոտան. երկիրը պատրաստվում է Մահացածների օրվա տոնակատարությանը:
Անցորդներին գրավել է ցուցահանդեսը, որում ներկայացված են տասնյակ հսկա գանգեր: Դրանք զարդարել են մեքսիկական մշակույթից ոգեշնչված տեղացի և օտարերկրացի նկարիչներ:
Մարդիկ կանգնում են և սելֆի անում հսկա գանգերի ֆոնին: Մեխիկոյի գլխավոր պողոտայում նաև եռում է Մահացածների տոնի խորհրդանիշ համարվող թավշածաղիկներ վաճառողների բիզնեսը:
Ակնկալվում է, որ ցուցահանդեսը, որը հինգերորդն է, կգրավի հազարավոր զբոսաշրջիկների: Այն կգործի մինչև նոյեմբերի 13-ը:
Սոֆիա Ռոբարի (զբոսաշրջիկ) - Ինձ այս ամենը շատ է դուր գալիս, քանի որ Գերմանիայում մենք չենք նշում մահվան տոնը: Մարդիկ մեզ մոտ վախենում են նման տոն նշել: Իսկ այստեղ սովորական է, որ մահը կյանքի մի մասն է: Ինձ այդ միտքը շատ է դուր գալիս: Մեծ հաճույքով եմ մասնակցում մահացածների տոնին: Ամեն ինչ շատ գեղեցիկ է, ամենուր գույներ են, ծաղիկներ, թարմ մրգեր: Իսկապես կախարդական է:
Մահացածների օրը նախաիսպանական ավանդույթ է, երբ ընտանիքները հիշում են իրենց մահացածներին և նշում կյանքի շարունակականությունը:
Մեքսիկացիները մահացածներին մատուցում են ընծաներ, այդ թվում՝ լուսանկարներ, սնունդ, մոմեր, ծաղիկներ, անձնական իրեր, շաքարից պատրաստված գանգեր, թղթե մաշե-կմախքներ և քաղցրավենիք:
Մահացածների տոնը նշում են հիմնականում Մեքսիկայում, Գվատեմալայում, Պերուում, Բոլիվիայում և Էկվադորում:
ԱՄՆ
FANTASY FEST ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ ՔԻ ՈՒԵՍԹՈՒՄ
Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Քի Ուեսթ քաղաքում անցկացվել է Fantasy Fest կենդանիների դիմակահանդեսը: Խնջույքի մեծ սիրահար տասնյակ շներ, իրենց տերերի հետ, բեմ են դուրս եկել ամենատարբեր կերպարներով:
Այս տարվա միջոցառման թեման էր «Պաշտամունքային դասականներ և մուլտֆիլմային քաոս»: Բեմում կարելի է հանդիպել առյուծի կերպարով շան, ծովահեն շների և նույնիսկ իտալական գորշ շան՝ վաղամեռիկ ռոք աստղ Փրինսի կերպարով:
Այլ նշանավոր կերպարների թվում են մինիոնները, ջրահարսները, միաեղջյուրների ու պանդաների ընտանիքները:
ՊԱՂԵՍՏԻՆ
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՄԵՂԵԴԻՆԵՐԸ ՄԻԱՎՈՐՈՂ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
Պաղեստինցի 38-ամյա Թամեր Օմարիին հաջողվել է հրաշալիորեն միաձուլել արևելյան մեղեդիներն արևմտյան բիթերի հետ: Նա երաժշտական նոր գործիք է ստեղծել, որի միջոցով էլ կարողանում է հասնել նպատակին:
Օմարին երկար ժամանակ բաս է նվագել, սակայն միշտ ցանկացել է ավանդական պաղեստինյան հնչյուններ ավելացնել այն ստեղծագործությանը, որը կատարում է:
Նոր երաժշտական գործիքը կոչվում է ուդուլելե, որը թարգմանաբար նշանակում է «գիշերվա ուդ»: Այն թույլ է տալիս նվագել արաբական մաքամ՝ օգտագործելով տարբերվող միկրոտոնային ֆրեզեր՝ միաժամանակ ֆիքսելով կիթառի լարերի պարզությունը:
Թամեր Օմարի (երաժիշտ) - Երաժշտական այս գործիքը կառուցված է «լյա» ակորդի վրա, ի տարբերություն կիթառի, որը կառուցված է «մի» ակորդի վրա, ինչը, իմ կարծիքով, ավելի հարմար է արևելյան երաժշտության համար: Գործիքը պատրաստված է թխկու և կաղնու փայտից:
Պաղեստինցի բազմաթիվ արտիստներ արդեն նվագել են ուդուլելե և շատ հավանել են այն: Ուրախ են, որ պատրաստված է հենց Պաղեստինում և կարող է ամբողջությամբ փոխանցել իրենց ազգային երաժշտության մեղեդիները:
Օմարին երաժշտական այս գործիքը պատրաստել է դեռևս 2017 թվականին, սակայն այն արտոնագրվել է միայն անցած ամիս: Երաժիշտը վստահեցնում է, որ ուդուլելեն շուտով կհայտնվի շուկայում:
ՊԱՐԱԳՎԱՅ
ՊԱՐԱԳՎԱՅՑԻ ՆԿԱՐԻՉԸ ԳՈՒՅՆԵՐ Է ՀԱՂՈՐԴՈՒՄ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
29-ամյա պարագվայցի նկարչուհի Լիլի Կանտերոն, որը հայտնի է աստղերի, այդ թվում՝ Լիոնել Մեսսիի և Ռոնալդինյոյի համար ֆուտբոլային կոշիկների վրա նկարելով, նախապատրաստվում է իր ստեղծագործությունների ցուցադրությանը Կատարում կայանալիք աշխարհի գավաթին մասնակցելու նպատակով:
Ասունսիոնում ծնված արվեստագետը նկարել է մոտ երկու տասնյակ կոշիկներ, գնդակներ և կտավներ, որոնցից շատերը ոգեշնչված են հենց Կատարից և դրա մայրաքաղաք Դոհայից, որը հաջորդ ամիս հյուրընկալելու է աշխարհի տարբեր երկրների ֆուտբոլի հավաքականներին, որոնք պայքարելու են աշխարհի գավաթի համար:
Կանտերոն համբավ է ձեռք բերել, երբ սկսել է նկարել ֆուտբոլային մարզակոշիկների վրա: Նա մի զույգ էլ ուղարկել է արգենտինացի աստղ Լիոնել Մեսսիին, երբ վերջինս խաղում էր «Բարսելոնայում»: Լիլին սիրով և ամենայն մանրամասնությամբ հարձակվողի և նրա ընտանիքի անդամների սև ու սպիտակ պատկերներն անմահացրել է մարզակոշիկի վրա:
Կոշիկներն աստղին ուղարկելիս Լիլին վստահ չի եղել՝ արդյոք նա կստանա՞ դրանք կամ կընդունի՞: Մեծ է եղել նկարչուհու զարմանքը, երբ ստացել է Մեսսիի լուսանկարը՝ իր նկարած մարզակոշիկները ձեռքին: Դա շրջադարձային պահ է եղել Լիլիի համար, քանի որ հենց այդ ժամանակ էր որոշել դադարեցնել արվեստով զբաղվելը:
Լիլի Կանտերո (նկարիչ) - իմ կյանքը բաժանվում է երկու մասի՝ Մեսսիի մարզակոշիկներից առաջ և հետո: Դա շատ կարևոր պահ էր ինձ համար, և այդ ժամանակվանից սկսվեց իմ կարիերան: Կցանկանայի մարզակոշիկների իմ ապրանքանիշը ստեղծել և Պարագվայի արվեստը ներկայացնել ավելի մեծ միջոցառումների ժամանակ:
Կատարում Կանտերոն նախատեսում է ցուցադրել նկարազարդած ութ գնդակ՝ որպես հարգանքի տուրք այն երկրներին, որոնք պատմության ընթացքում բարձրացրել են աշխարհի գավաթը՝ Բրազիլիան, Գերմանիան, Իտալիան, Արգենտինան, Ուրուգվայը, Ֆրանսիան, Անգլիան և Իսպանիան:
ՄԱԼԱՅԶԻԱ
ՌՈԲՈՏԱՑՎԱԾ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ
Մալայզիայի Պենանգ կղզու խոշոր առևտրի կենտրոններից մեկում հետաքրքրասեր գնորդները մի պահ կանգ են առել ժամանակավոր տաղավարի առջև՝ տեսնելու, թե ինչպես են սև, ստվերային կերպարները շարժվում ու պարում սպիտակ էկրանի վրա:
Սա ստվերային տիկնիկային ներկայացում է՝ թատերական արվեստի ձև, որը ժամանակին տարածված էր Հարավարևելյան Ասիայում, մասնավորապես` Մալայզիայում և Ինդոնեզիայում:
Ի տարբերություն ավանդական ստվերային տիկնիկային արվեստի, որի դեպքում գոմեշի կաշվից տիկնիկային արձանիկներ են պատրաստում մեծ ջանքերի շնորհիվ, բացի դրանից՝ տասնյակ դերասաններ ժամեր և օրեր շարունակ փորձեր են անցկացնում, այս ժամանակակից անիմատրոնիկ շոուն օգտագործում է 3D տպիչով ստեղծված կերպարներ, որոնց գործողությունները նույնպես ռոբոտացված են:
Այս մտահղացման հեղինակը Ահնաֆ Հակիմի Ահմադն է: Ստվերային տիկնիկային արվեստի հանդեպ սերը 33-ամյա երիտասարդին ստիպել է նման նախագիծ սկսել 2021 թվականի հուլիսին: Նրա նպատակն է եղել հնագույն մալայզիական ժառանգությունը փրկել անհետացումից: Երիտասարդին այդ գաղափարի իրականացման համար 4221 դոլար պետական դրամաշնորհ է հատկացվել:
Ահնաֆ Հակիմի Ահմադ (ռոբոտացված ստվերային տիկնիկային թատրոնի հեղինակ) - Սա ճանապարհներից մեկն է, որով ես փորձում եմ փրկել մեր ստվերային տիկնիկային արվեստի ժառանգությունը: Մեր օրերում մոռացված է ստվերային տիկնիկային թատրոնի մշակույթը։ Իսկ այս ամենի շնորհիվ ստվերային տիկնիկային ներկայացումներ կարելի է ավելի հաճախ տեսնել՝ որտեղ ուզում եք և երբ ուզում եք:
Մալայզիայում ստվերային տիկնիկային թատերախմբերի թիվն զգալիորեն կրճատվել է՝ հասնելով ընդամենը 8-ի, այն բանից հետո, երբ 1990-ականներին դրանց գործունեությունն արգելվել է հայրենի Կելատան նահանգում: Այժմ Ահնաֆը փորձում է պահպանել ավանդական ստվերային տիկնիկային ներկայացումների կերպարներին, նույնիսկ երաժշտությունն ու ներկայացվող պատմությունները, որպեսզի մարդկանց մեջ այդ արվեստի նկատմամբ հաճելի հիշողությունները վերականգնվեն, և այն շարունակի ապրել:
ԲԵԼԳԻԱ
ԴԴՈՒՄ-ՆԱՎԱԿՆԵՐՈՎ ՓՈԽԱՆՑՈՒՄԱՎԱԶՔ ԲԵԼԳԻԱՅՈՒՄ
Կորոնավիրուսի համավարակի պատճառով Բելգիայում երկու տարի հետաձգվել է լճակի վրա դդում-նավակներով անցկացվող փոխանցումավազքը: Հուրախություն տեղացիների և արտասահմանցի զբոսաշրջիկների՝ այդ գեղեցիկ ավանդույթն այս տարի վերականգնվել է հայտնի Հելոուինի տոնին ընդառաջ:
Մրցույթի մասնակիցներն ամենատարբեր կերպարներով են, նույնիսկ՝ միանձնուհու, շատերը կեղծամ են կրում նավակներով թիավարելիս:
Ռեգետան անցկացվում է Բելգիայի Քասթեռլի քաղաքի լճակներից մեկի վրա: Մասնակիցները բաժանված են թիմերի, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է չորս անդամից: Նրանք պետք է փորագրված հսկա դդմի մեջ նստած՝ թիավարելով շրջանցեն լճակի մեջ տեղադրված խրճիթն ու հասնեն ափ՝ էստաֆետը փոխանցելով թիմակցին:
Հատկանշական է, որ դդմի փորված մասը չեն թափում, վերածում են խյուսի և անվճար բաժանում հավաքվածներին: Այս տարի փոխանցումավազքն անցկացվել է երեք օր անընդմեջ: Ընդհանուր առմամբ, մասնակցել է 65 թիմ: Շատերը նույնիսկ հատուկ են ժամանել Քասթեռլի՝ մրցույթին մասնակցելու:
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱ
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՅՈՒՄ ՊԱՂՊԱՂԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ Է ԲԱՑՎԵԼ
Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյանում պաղպաղակի նոր գործարան է բացվել, որի նպատակն է բարելավել մարդկանց «քաղաքակիրթ կյանքը» և բարեկեցություն ապահովել նրանց համար:
Պաղպաղակի Taesongsan գործարանի բացման արարողությանը ներկա են եղել նաև հյուրեր:
Մուն Մյոնգ Կիլ (պաղպաղակի գործարանի ավագ ինժեներ) - Մեր գործարանը ժամանակակից պաղպաղակի գործարան է, որը կառուցվել է հարգարժան գլխավոր քարտուղարի մեծագույն հոգածությամբ։ Մենք արտադրում ենք բարձրորակ պաղպաղակներ, նաև տարբեր տեսակի՝ առանց շաքարի և զրոյական կալորիականությամբ ըմպելիքներ:
Հատկանշական է, որ պաղպաղակի գործարանի շինարարությունը նախաձեռնել է անձամբ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը՝ իր երկրի քաղաքացիներին, հատկապես երեխաներին ավելի լավ պաղպաղակով ապահովելու համար: