Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակում է Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի, կանխարգելման 2023-2025 թվականների գործողությունների ազգային ծրագիրը: Եռամյա ծրագրի նպատակն է բարելավել թրաֆիքինգի զոհ դարձած քաղաքացիների պաշտպանությունը և նրանց ինտեգրել հասարակություն: Հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետի խոսքով՝ նոր մշակվող ազգային ծրագիրը ներդնելու է մոնիտորինգի, վերլուծության ու հաշվետվողականության համակարգ, որը կբարձրացնի գործողությունների արդյունավետությունը:
Քրիստինա Հովհաննիսյան (ԱՍՀՆ հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ) - Այսինքն` մի բան է` ունենալ գործողությունների ծրագիր և վերջում ընդունել հաշվետվություն, որ այս գործողությունը կատարված է, այն գործողությունը կատարված է, և մի բան է` ունենալ մոնիթորինգի հստակ մեխանիզմ` իր ցուցիչներով և բոլոր ինդիկատորներով` հասկանալու համար, թե այդ կատարված գործողությունը ինչ ազդեցություն է ունեցել այս կամ այն խմբի վրա կամ այս կամ այն կերպ արդյունավետ է եղել թե ոչ:
Քրիստինա Հովհաննիսյանի հավաստմամբ՝ ազգային նոր ծրագրում իրավական դաշտի վերանայման, բարելավման կոնկրետ շեշտադրումներ կան և գործողություններ, որոնք ուղղված են կանխարգելմանը, պաշտպանությանը և աջակցությանը: Կարևորվում է իրազեկումն ու դասընթացների անցկացումը ոլորտի բոլոր պատասխանատուների համար՝ սկսած սոցիալական աշխատողներից մինչև առողջապահական ոլորտի ներկայացուցիչներ և ոչ միայն:
Քրիստինա Հովհաննիսյան - Դպրոցներում, ուսումնական հաստատատություններում, տարբեր մասնագիտական կազմակերպություններում ունենալու ենք տեղեկատվական իրազեկման հանդիպումներ, որպեսզի մասնագետը, որն անմիջական աշխատում է երեխայի կամ չափահաս անձի հետ` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, մոտավորապես պատկերացնի, թե ինչ է թրաֆիքինգը, որ դեպքում է հնարավոր, որ հարց առաջանա, և դրա դեպքում ինչպես իրազեկի քաղաքացուն, որ հնարավոր է` քեզ թրաֆիքինգի են ենթարկում, ու որ պետական մարմնին տեղեկացնի, որ անձը, գուցե, թրաֆիքինգի զոհ է:
Ֆինանսական աջակցությունը նախարարությունը տրամադրում է կոնկրետ ուսումնասիրություն անելուց հետո: Սոցաշխատողը հանդիպում կամ հեռակա զրուցում է շահառուի հետ, կարիքների գնահատում իրականացնում ու բավարարում պահանջները՝ կացարան, սնունդ, հագուստ, հոգեբանի, թարգմանչի ծառայություն, ուսման վերականգնում, եթե անհրաժեշտությունը կա, նույնիսկ նոր մասնագիտության ձեռքբերում, նաև 250 հազար դրամ միանվագ աջակցություն:
Քրիստինա Հովհաննիսյանը նշում է՝ իրենց համար առաջնային է, որ թրաֆիքինգի ենթարկվածը աջակցությունից հետո դառնա ավելի անկախ և ինքնուրույն:
Քրիստինա Հովհաննիսյան - Այստեղ ընդլայնում է սպասվում, մենք հիմա հետազոտություն ունենք` հասկանալու համար, թե էն ծառայությունները, որոնք տրամադրում ենք, բավարար են, թե ոչ, և ինչ պետք է ավելացնենք, որ բավարարի:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավաստմամբ` «թրաֆիքինգ» երևույթի մասին հասարակությունը տարեցտարի ավելի տեղեկացված, այդպիսով` ավելի պաշտպանված է դառնում: Թրաֆիքինգի ամենատարածված տեսակները Հայաստանում աշխատանքային և սեռական շահագործումն են: