Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտնել է՝ այս տարի հանձնաժողովը բացահայտել է հակամրցակցային համաձայնության 2 դեպք՝ նախորդ տարվա 1-ի դիմաց:
Գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր այս տարի չեն հայտնաբերվել, սակայն առկա են ընթացիկ վարույթներ, և ակնկալվում է, որ այս մասով կլինի պատասխանատվության միջոց: Նախորդ տարի եղել է նման 1 դեպք: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:
«Համակենտրոնացման հայտարարագրման 40 գնահատման վարույթ ունենք, 40 դեպքով տրվել է թույլտվություն: Չհայտարարագրված համակենտրոնացման մասով 11 տնտեսվարող սուբյեկտի ենթարկել ենք պատասխանատվության: Անբարեխիղճ մրցակցության մասով արձանագրվել է 56 իրավախախտում, նախորդ տարի՝ 65»,- ասել է նա:
Հայկ Կարապետյանը նշել է, որ նախորդ տարի տուգանքների չափը կազմել է 64 մլն դրամ, այս տարի՝ ավելի քան 600 մլն դրամ:
Նա հավելել է, որ անբարեխիղճ մրցակցության համար օրերս հանձնաժողովը տուգանել է խաղային ոլորտում գործունեություն ծավալող 3 սուբյեկտների: Տուգանքի չափը կազմել է 433 մլն դրամ, ինչն աննախադեպ է հանձնաժողովի գործունեության ընթացքում: Տուգանված մյուս տնտեսվարողները զբաղվել են ասֆալտապատմամբ և գնումների գործընթացով:
Գալիք տարում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իր գործունեությունը կիրականացնի՝ ստանալով 594 մլն 829 հազար դրամ: Գումարի 84,5 տոկոսն ուղղվելու է աշխատավարձերին և դրան հավասարեցված վճարների հոդվածներին: