ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԼԱՎՐՈՎ-ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Հարավային Կովկասում կայունացմանը նպաստող հնարավոր քայլերը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները: Սերգեյ Լավրովը ու Մևլութ Չավուշօղլուն քննարկել են նաև հոկտեմբերի 29-ին Սևաստոպոլ քաղաքում ռազմանավերի և քաղաքացիական նավերի դեմ Ուկրաինայի իրականացրած հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Լավրովի խոսքով՝ Ուկրաինան պետք է երաշխավորի, որ մարդասիրական միջանցքը և ուկրաինական նավահանգիստները, որոնք նախատեսված են գյուղատնտեսական ապրանքների արտահանման համար, չեն օգտագործվի Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար։ «Միայն այդ դեպքում է հնարավոր քննարկել Սևծովյան նախաձեռնությամբ սահմանված անվտանգության միջանցքով երթևեկությունը վերականգնելու հարցը»,- հայտարարել է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը:
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ-ԱԲԴՈԼԼԱՀԻԱՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել նաև Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանի հետ: Նախարարները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, տարածաշրջանային ու միջազգային հարցեր:
Մևլութ Չավուշղօլուն ողջունել է Իրանի և Ադրբեջանի միջև երկխոսության գործընթացն ու ընդգծել, որ այդ երկու երկրները Թուրքիայի բարեկամներն են, և նրանց միջև բարեկամությունը ուրախություն է պատճառում Թուրքիային: Նա նաև դատապարտել է Շիրազում տեղի ունեցած ահաբեկչությունը և նշել, որ Անկարան ահաբեկչության դեմ պայքարում Իրանի կողքին է եղել և կլինի:
ՌԴ-Ն ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԳՈՐԾԱՐՔԻՆ. ՊՈՒՏԻՆ
Երեկ ուկրաինական ենթակառուցվածքներին ռուսական հարվածները մասամբ պատասխան էին Սև ծովի նավատորմի վրա ԱԹՍ-ներով իրականացված հարձակումներին՝ հայտարարել է ՌԴ նախագահը: Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդարադարձել է նաև հացահատիկի գործարքից դուրս գալու Ռուսաստանի որոշմանը: Կրեմլի առաջնորդի խոսքով՝ ռուսական ռազմանավերի վրա հարձակումը մասամբ իրականացվել է հացահատիկի փոխադրման միջանցքից։ «Ռուսաստանը ժամանակավորապես դադարեցնում է իր մասնակցությունը հացահատիկի գործարքին և կոչ է անում Կիևին երաշխավորել ծովային նավարկության անվտանգությունը Սև ծովում»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը:
Թեմային անդրադարձել են նաև Վաշինգտոնում: Սևծովյան հացահատիկի գործարքից դուրս գալու Մոսկվայի որոշումը ուղղակիորեն բացասաբար է ազդելու համաշխարհային պարենային անվտանգության վրա՝ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը: Նեդ Փրայսի խոսքով՝ աշխարհում գործարքի շուրջ անորոշության պատճառով պարենամթերքի գներն աճել են:
ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ
Այսօր Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտությունները: Արտահերթ ընտրություններն արդեն հինգերորդն են 2019 թվականի ապրիլի 9-ից ի վեր: Դրանց արդյունքով կորոշվի 25-րդ գումարման Կնեսետի կազմը, ինչից հետո կսկսվի կառավարական կոալիցիայի ձևավորման ընթացակարգը և, դրա հաջողության դեպքում, կձևավորվի նոր կառավարություն և կնշանակվի վարչապետ: Ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 6,7 միլիոն մարդ: Երկրի ամբողջ տարածքում կգործի 12 000 ընտրատեղամաս։ Քվեարկել կարելի է մինչև ժամը 22:00-ը։ Այնուհետև կհրապարակվեն exit poll-ի արդյունքները, ապա կսկսվի քվեաթերթիկների հաշվարկը։