ՍՈՉԻՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
241 բառ, որն ամբողջացնում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Սոչիում կայացած ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ վերջին հանդիպումների արդյունքը:
Չորրորդ եռակողմ հայտարարությունը սկսվում է նախորդ երեքի բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությամբ: Նշելով անվտանգության ապահովման գործում ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրումն իր տեղակայման գոտում՝ կողմերն ընդգծում են տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված դրա ջանքերի պահանջվածությունը։
Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի։
Ընդգծեցինք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարևորությունը՝ տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու նպատակով։ Առկա աշխատանքային տարբերակների հիման վրա պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխընդունելի լուծումների որոնումը։ Ռուսաստանի Դաշնությունը հնարավոր օժանդակություն կցուցաբերի:
Բացի դրանից՝ Ռուսաստանի օժանդակությամբ հասարակությունների ներկայացուցիչների, փորձագիտական համայնքների և կրոնական առաջնորդների միջև երկխոսության շարունակման, երկու երկրի ժողովուրդների միջև վստահության ամրապնդմանը միտված եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկի համար կարևորվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև դրական մթնոլորտի ձևավորումը։
ՌԴ-Ն ԿԱՆԻ ԱՄԵՆ ԻՆՉ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ. ՊՈՒՏԻՆ
Ռուսաստանի առաջնորդը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ներկայությամբ է լայն լսարանի համար որոշ փակագծեր բացում՝ նախապես փորձագիտական մակարդակում մշակված տեքստից որոշ դրույթներ ստիպված են եղել հանել, քանի որ ամեն հարցում չէ, որ հաջողվել է համաձայնության հասնել: Չնայած այս ամենին՝ Կրեմլի ղեկավարը հանդիպումն օգտակար է համարում, շեշտում՝ ընդհանուր իրավիճակի կարգավորման հետագա քայլերի համար պայմաններ են ստեղծվել:
Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Մենք այն ժամանակ սկզբունքային հարցերի շուրջ կարողացանք պայմանավորվածության հասնել, այսօրվա երկխոսությունը վերահաստատում է՝ կարող ենք պայմանավորվել նաև մեր բոլոր երկրների ապագայի վերաբերյալ:
Երբ ասում եմ՝ «մեր բոլոր երկրներ», նկատի ունեմ Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, տարածաշրջանի բոլոր երկրները, քանի որ հարաբերությունների կարգավորմամբ հետաքրքրված են այս տարածքում ապրող բոլոր ժողովուրդները: Ռուսաստանն իր կողմից ամեն ինչ կանի, որ հասնենք վերջնական և համապարփակ կարգավորման: Պայմանավորվածության համաձայն` մենք կշարունակենք այս երկխոսությունն ու այնպիսի լուծումների որոնումը, որոնք անհրաժեշտ են այսքան երկար ձգվող հակամարտությանը վերջ դնելու համար:
ՎԱՂ Է ԽՈՍԵԼ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ. ՌԴ ՆԱԽԱԳԱՀ
Եռակողմ գագաթնաժողովի արդյունքների մասին Ռուսաստանի նախագահը խոսեց նաև լրագրողների հետ: Անդրադառնալով Պրահայում առանց Ռուսաստանի տեղի ունեցած հանդիպմանը՝ Կրեմլի ղեկավարն ընդգծեց՝ որոշ դեպքերում, այս դեպքում՝ ևս, լիովին անիրական, անհնար է Ռուսաստանին դուրս թողնել ինչ-որ ձևաչափից, սակայն իրենք մշտապես ողջունել են կարգավորմանն ուղղված ցանկացած ջանք:
Պուտինն անդրադարձավ նաև այն հարցերին, որոնց շուրջ կողմերին չի հաջողվել համաձայնության հասնել.
Վլադիմիր Պուտին - Կարելի՞ է արդյոք այդ մասին խոսել. այո՛, կարելի է, բայց պետք չէ, քանի որ, եթե դրանք մինչև այս պահը կարգավորված չեն, պետք չէ դրանց վրա կենտրոնացնել մամուլի, հանրության ուշադրությունը, այլ պետք է փորձել հանգիստ, փակ ռեժիմով համաձայնության հասնել: Դրանք կողմերի համար շատ նուրբ, զգայուն հարցեր են, ես ինձ իրավունք չեմ վերապահում առանց գործընկերների հետ համաձայնեցնելու բարձրաձայնել դրանց մասին:
«Խաղաղության պայմանագիր դեռ չկա,- ասում է Վլադիմիր Պուտինը,- և այդ պատճառով վաղ է խոսել փաստաթղթի հիմնական բաղադրիչների մասին, քանի որ այն, հավանաբար, փոխզիջումների արդյունքում է լինելու, իսկ սահմանազատումն ու սահմանագծումը կարևորագույն հարցեր են և վերջին եռակողմ հանդիպմանը շատ քննարկված»:
Վլադիմիր Պուտին - Որոշ նախադրյալներ կան ենթադրելու, որ ընդհանուր առմամբ ճանապարհը գտնված է. եթե դուք ուշադիր կարդաք հայտարարությունը, այնտեղ կգտնեք նախնական` եթե ոչ պայմանավորվածությունները, գոնե նախադրյալները, որ այդպիսի պայմանավորվածությունների կարելի է հասնել: Մենք պատրաստ ենք տրամադրել խորհրդային բանակի գլխավոր շտաբի՝ մեր ձեռքի տակ եղած քարտեզները, որոնք ամենաճշգրիտն են: Պատրաստ ենք այս հիմքի վրա, քննարկելով կողմերի հետ, առաջ շարժվել: Պայմանավորվել ենք շարունակել այս շփումները, բանակցությունները և խորհրդակցությունները:
ՊՈՒՏԻՆԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆԸ
Պուտինն անդրադարձավ նաև ռուսաստանցի խաղաղապահների առաքելության ժամկետի երկարաձգման անհրաժեշտության մասին հայկական կողմից ավելի վաղ հնչած հայտարարություններին՝ նշելով՝ այդ մասին խոսել է Հայաստանի վարչապետի հետ, սակայն դրա համար համատեղ պայմանավորվածություն է անհրաժեշտ։
Վլադիմիր Պուտին - Դա կախված է նաև այլ գործոններից, օրինակ` խաղաղության պայմանագրի կնքումից և սահմանագծման ու սահմանազատման հարցերից. եթե դրանք լուծվեն, խաղաղապահների հարցն այլ կերպ կդրվի: Եթե չլուծվեն կամ լուծվեն մասնակիորեն, այդ ժամանակ դրանից կախված կլինի մեր խաղաղապահ զորակազմի ճակատագիրը:
Ավելի ուշ, Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնեց, որ Մոսկվայի միջնորդությամբ Ղարաբաղյան կարգավորման աշխատանքը կշարունակվի: