ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը տեղեկացրել է նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստի նախապատրաստման ընթացքի, ինչպես նաև Հավաքական անվտանգության խորհրդի մի շարք առանձին հանձնարարականների կատարման մասին՝ տեղեկացրել են կազմակերպության մամուլի ծառայությունից:
Կողմերը քննարկել են կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը, այդ թվում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած արտահերթ նիստի արդյունքները:
«ՀԱՊԿ-ը շարունակում է աշխատել սեպտեմբերին Հայաստան ուղարկված առաքելության արդյունքների հիման վրա հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ առաջարկությունների մշակման ուղղությամբ»,- հայտնել է Զասը: Ադրբեջանը չկարողացավ խաղաղ ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Պաշտոնը ստանձնելուց առաջ Զասը, որպես Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար, հաճախ է այցելել Ադրբեջան: «Բազմիցս խոսել եմ նրանց հետ, տեսել եմ, որ երկիրն ակտիվորեն պատրաստվում էր ուժային տարբերակին։ Ես նրանց ասել եմ, որ պետք է, այնուամենայնիվ, այդ հարցը բանակցությունների միջոցով լուծել»,- ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ ափսոսանք հայտնելով, որ հնարավոր չեղավ հարցը խաղաղ ճանապարհով լուծել»:
ՌԴ-ՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ
Ուկրաինայի ենթակառուցվածքների թիրախավորումը թույլ է տալիս նվազեցնել ուկրաինական զինված ուժերի ներուժը՝ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարը: Սերգեյ Շոյգուի հավաստմամբ, սպառիչ միջոցներ են ձեռնարկվում Ուկրաինայի քաղաքացիների մահը կանխելու համար։ «Ուկրաինայի զինված ուժերը չեն դադարում հրետակոծել Զապորոժիեի ատոմակայանը, տարհանման կետերը և հումանիտար օգնության բաշխման վայրերը»,- ասել է պաշտպանության նախարարը։ Շոյգուն հայտնել է նաև, որ հակառակորդի օդային հարձակումները հետ մղելու ընթացքում «վերջին տասը օրվա ընթացքում ռուսական բանակը չեզոքացրել է HIMARS համակարգերից արձակված ավելի քան 200 հրթիռ»։ Պաշտպանության նախարարության ղեկավարը նաև հիշեցրել է, որ այսօրվանից Ռուսաստանում սկսվել է աշնանային զորակոչը։ Նա ընդգծել է, որ ժամկետային զինծառայողներին ռազմական գործողությունների գոտի չեն ուղարկելու։
ԶԱՊՈՐՈԺԻԵԻ ԱԷԿ-Ի 4-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է
Զապորոժիեի ատոմակայանի չորրորդ էներգաբլոկի էլեկտրամատակարարման գծի աշխատանքը դադարեցվել է ականի պայթյունի պատճառով՝ հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը: «Ականի պայթյունը ընդհատել է Զապորոժիեի ատոմակայանի էներգաբլոկներից մեկի հիմնական էլեկտրամատակարարման գծի աշխատանքը, ինչը վերջին միջադեպն էր, որն ընդգծում է ընթացիկ ռազմական հակամարտության ընթացքում օբյեկտում անկայուն իրավիճակը միջուկային և ֆիզիկական միջուկային անվտանգության առումով»,- ասել է Ռաֆայել Գրոսին: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը վերջին շաբաթներին բարձր մակարդակով բանակցություններ է վարել ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի հետ՝ նպատակ ունենալով հնարավորինս շուտ համաձայնեցնել և իրականացնել անվտանգության գոտու ստեղծումը:
ՈՒԿՐԱԻՆԱՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ԻՍՐԱՅԵԼԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հիասթափություն է հայտնել Ռուսաստանի հետ պատերազմի հարցում Իսրայելի դրսևորած չեզոքության կապակցությամբ, բայց նշել նաև, որ դիրքորոշման հնարավոր փոփոխությունը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում, քանի որ իսրայելական կողմը վերջապես համաձայնել է Կիևին մատակարարել կապի առաջնակարգ համակարգեր: Իսրայելական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ անգամ փորձել է ստանալ Վաշինգտոնի աջակցությունը՝ ստիպելու Իսրայելին՝ ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային:
Զելենսկին հույս է հայտնել, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրանական զենքի կիրառումը կարող է խթան հանդիսանալ Իսրայելի համար: «Ուկրաինայի և տարբեր երկրների հետախուզության համաձայն՝ Ռուսաստանը ձեռք է բերել ավելի քան 1500 իրանական մարտական անօդաչու թռչող սարք»,- հայտարարել է Զելենսկին:
ԹՈՒՐՔԻԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ «ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԳՈՐԾԱՐՔԸ»
Թուրքիան բոլոր մակարդակներում, այդ թվում՝ նախագահի, աշխատում է վերականգնել «հացահատիկի գործարքը»՝ հայտարարել է իշխող կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը՝ ափսոսանք հայտնելով, որ Ռուսաստանը դադարեցրել է իր մասնակցությունը համաձայնագրին: Չելիքը հայտնել է, որ այս պահին ռուս մասնագետները դեռց Ստամբուլի համակարգող կենտրոնում են: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ ռուսական ռազմանավերի վրա հարձակումը մասամբ իրականացվել է հացահատիկի փոխադրման միջանցքից։
«Ռուսաստանը ժամանակավորապես դադարեցնում է իր մասնակցությունը հացահատիկի գործարքին և կոչ է անում Կիևին՝ երաշխավորել ծովային նավարկության անվտանգությունը Սև ծովում»,- հայտարարել էր Վլադիմիր Պուտինը: