Կենտրոնական բանկը կրկին բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով՝ սահմանելով 10,5 տոկոս։ Հիմնական նպատակը գնաճը զսպելն է:
Մարտին Գալստյան (ՀՀ ԿԲ նախագահ) - 2022-ի սեպտեմբերին 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 9,9 տասնորդական տոկոս, 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է՝ կազմելով 10,5 տոկոս:
Համաշխարհային տնտեսության ակտիվությունը դանդաղել է, զարգացած երկրների Կենտրոնական բանկերը շարունակում են էականորեն խստացնել դրամավարկային պայմանները: Սա արտահայտվում է միջազգային ապրանքահումքային շուկաներում գների որոշակի նվազմամբ, սակայն ընդհանուր գնաճը Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում դեռևս բարձր է՝ ընդգծում է ԿԲ նախագահը: Համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ:
Մարտին Գալստյան - 2022-ի երրորդ եռամսյակում տնտեսության բարձր ակտիվության ցուցանիշները Հայաստանում պահպանվում են:
Աճին նպաստել են միջազգային այցելուներն ու Ռուսաստանի Դաշնությունից դրամական փոխանցումները:
Մարտին Գալստյան - ՌԴ-ում սեպտեմբերին մոբիլիզացիա էր հայտարարվել՝ դրա արդյունքում Հայաստանում արտարժույթի հոսքը կրկին ավելացել էր, ինչը ԿԲ-ն չէր կարող անարձագանք թողնել, քանի որ այն իր ազդեցությունն է ունենում նաև արժութային շուկայի վրա:
Հայաստանում, ըստ ԿԲ նախագահի, պահանջարկի զգալի աճ կա, և տնտեսությունը գերտաքացած վիճակում է:
Մարտին Գալստյան - խանութներում հերթեր են, ապրանքների և ծառայությունների գներ են աճում որ երբևէ հայաստանում երբ էին թանկացել:
Գնաճի դեմ գլխավոր դրամատունը պայքարում է մի քանի եղանակով, մեկը տոկոսադրույքն է, երկրորդը՝ փոխարժեքը, դրամի արժևորումը, որը, ըստ ԿԲ նախագահի, բնական պրոցես է, օգնում է գնաճը որոշակիորեն զսպելուն:
Մարտին Գալստյան - Եթե, օրինակ, վերաֆինանսավորման տոկոսադրույքն համապատասխան չափով չբարձրացնեինք, և դրամն էլ այս չափով չարժևորվեր, ապա, մեր գնահատականներով, գնաճը Հայաստանում կլիներ առնվազն 15 %-ի շրջակայքում:
Այժմ 9.9% է, տարվա վերջում ԿԲ-ն ակնկալում է, որ կունենանք 10% գնաճ: Հարաբերականորեն խստացող դրամավարկային քաղաքականությունը և դրամի արժևորումը աստիճանաբար կնպաստեն պահանջարկի զսպմանը և գնաճային սպասումների նվազմանը: Նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ: ԿԲ կանխատեսմամբ, հաջորդ տարի համաշխարհային ապրանքային շուկայում գները կսկսեն աստիճանաբար նվազել: Ի դեպ, նվազում է նաև համաշխարհային տնտեսական աճը:
Մարտին Գալստյան - Թե՛ Ամերիկայում, թե՛ ԵՄ-ում ակնկալում ենք շատ ավելի ցածր տնտեսական աճ:
ԿԲ կանխատեսմամբ՝ 2022-ի ավարտին տնտեսական աճը մեր երկրում կհասնի մոտ 13 տոկոսի, որը բարձր է Կառավարության կանխատեսած ցուցանիշից:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան