ՀՀ ֆինանսների նախարարության վերջին տվյալներով 2023 թ. անվանական ՀՆԱ-ն կանխատեսվում է 9,3 տրիլիոն, ՀՆԱ-ի իրական աճը 7 տոկոս՝ 2022 թ. համար սպասվող 11 տոկոսի դիմաց՝ նշել է ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում գալիք տարվա բյուջետային գլխավոր փաստաթղթի մանրամասները ներկայացնելիս: Նա անդրադարձել է լրացուցիչ հարկային եկամուտների վրա ազդող տնտեսական, օրենսդրական ու վարչարարական գործոններին:
Ռուստամ Բադասյանը մանրամասնել է իրականացվող բարեփոխումների շրջանակը, խոսել Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման աշխատանքների շարունակման մասին: Զեկուցողը, անդրադառնալով Երևանի ԱՏԳ սպասարկման կենտրոնի կառուցման աշխատանքներին, նշել է, որ տնտեսվարողների սպասարկումն իրականացվելու է «մեկ պատուհանի» սկզբունքով, ներկայացված են լինելու բոլոր այն պետական մարմինները, որոնք ներգրավված են ներմուծման և արտահանման թույլատրման գործընթացներում: Երևանի ԱՏԳ կենտրոնում 7 օր բեռնատարները կարող են անվճար կանգնել, մաքսազերծում անցնել: Այսինքն՝ տարածքի և ենթակառուցվածքների օգտագործումը լինելու է անվճար:
Հաջորդը Բագրատաշենի մաքսակետի վերակառուցումն է. ֆիզիկական անձանց հոսքերի, երթևեկության և բեռնատարների համար իրականացվող գործընթացների տարանջատում է նախատեսվում: Մաքսային հսկողության մի մասում միայն ֆիզիկական անձանց հոսքն է սպասարկվելու, մյուս մասում՝ բեռնատարների՝ թե՛ արտահանման, թե՛ ներմուծման մասով: Մաքսակետի տարածք մուտքն ու ելքը նախատեսվում է ըստ տնտեսվարողների ռիսկայնության աստիճանի: