2023 թ. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը կհատկացվի շուրջ 14,5 մլրդ դրամ՝ ներառյալ կառավարման ապարատի պահպանման ծախսերը: Հատկացվելիք միջոցները կուղղվեն մի շարք ծրագրերի իրականացմանը: Այս մասին ասել է ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախնական ծրագրերի ու ֆինանսական հատկացումների քննարկման ժամանակ:
Ըստ նախարարի՝ «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի, թվայնացման և շուկայի զարգացման» ծրագրի գծով 2023 թ. նախատեսվել է հատկացնել 3 մլրդ 659 մլն 6 հազար դրամ:
Ծրագրի նպատակն է բարձր տեխնոլոգիաների ենթակառուցվածքների բարելավումը: Մասնավորապես, կիրականացվեն կադրերի թիրախավորված պատրաստում և վերապատրաստում՝ հաշվի առնելով շուկայի կտրուկ զարգացումն ու կադրերի նկատմամբ շուկայի պահանջարկի կտրուկ աճը:
Պետական աջակցություն կտրամադրվի ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին:
Հեռահաղորդակցության ապահովման ծրագրի գծով 2023 թ. նախատեսվել է հատկացնել 2,585.1 մլն դրամ: Նպատակն է ապահովել հեռահաղորդակցության և կապի ծառայությունների որակի կանոնակարգումն ու բարելավումը:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է ռադիոհաճախականային տիրույթի 92 տոկոս մաքրության ապահովում, հեռահաղորդակցության և կապի ծառայությունների որակի կանոնակարգում և բարելավում:
Բուհ-մասնավոր հատված համագործակցության շրջանակում կպատրաստվի 2000 մասնագետ, դրամաշնորհային ծրագրի շրջանակում 30 կազմակերպության կտրամադրվեն դրամաշնորհներ, կիրականացվի մեկ աքսելերացիոն ծրագիր՝ 30 շահառու թիմերի և 150 մասնակիցների համար, կիրականացվի տաղանդի ձևավորման և գլոբալ տաղանդի ներգրավման համար 1-ական միջոցառում, արտասահմանում կիրականացվի վերապատրաստման շուրջ 15 միջոցառում:
Նախարարը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին, որոնք առնչվել են ոլորտի խնդիրներին: