ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձավ խաղողի մթերման թեմային ու վստահեցրեց, որ մթերվել է ամբողջ ծավալի խաղողը:
«Այս տարի ավարտվել է խաղողի մթերումը, ընդհանուր առմամբ մթերվել է ամբողջ խաղողը: Գինը եղել է մոտավորապես 120 դրամ, որն ավելի ցածր է, քան նախորդ տարի, որովհետև դրամի արժևորումը ստիպել է, որպեսզի մթերողներն ավելի ցածր գնով մթերեն, որ դոլարով վաճառվող էժան կոնյակի սպիրտը կարողանա մրցակցությանը դիմանա այլ երկրների կոնյակի սպիրտի հետ:
Կարծում ենք, որ պետք է կարողանանք խնդիրը լուծել սեգմենտը փոխելով, այսինքն՝ պետք է էժան կոնյակի սպիրտից տեղափոխվենք միջին գնային սեգմենտի գինի արտադրելու ուղղությամբ:
Վստահ ենք, որ փոքր գյուղատնտեսությունը մրցունակ չէ, պետք է գնանք խոշորացման»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով գինու արտահանման թեմային՝ Քերոբյանը նշեց, որ հիմնական թիրախային ուղղություններն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան:
«ԱՄՆ-ում հայկական գինին դեռ շատ հեռու է գոնե նվազագույն ներկայացվածություն ունենալուց: Մեզ համար այն շատ կարևոր հաջորդ շուկան է, որի ուղղությամբ պետք է աշխատենք»,- ասաց Քերոբյանը: