Հայ-ադրբեջանական սահմանով անձանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների անցումն իրականացնելու նպատակով ստեղծված երեք անցակետ գրեթե պատրաստ է:
Ազգային ժողովում լրագրողներին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հայտնել է, որ հայկական կողմը կատարել է ապաշրջափակմանն ուղղված իր քայլը, սակայն մինչև այս պահը անցակետերի օգտագործման համաձայնություն չի ստացել Ադրբեջանի իշխանությունից:
Ըստ Կառավարության որոշման նախագծի՝ անցակետերը կգործեն Գեղարքունիքի, Արարատի և Սյունիքի մարզերում:
Ռուստամ Բադասյան (ՀՀ ՊԵԿ նախագահ) - Մենք հայտարարել ենք, որ ապաշրջափակման օրակարգը, միանշանակ, Կառավարության համար ընդունելի օրակարգ է, և դրանից բխող քայլեր ենք ձեռնարկել, որպեսզի ապահովենք դա:
Գործընթացը, կարելի է ասել, ավարտված է, այսինքն՝ բնականաբար, որոշ դետալներ, միգուցե թերություններ կլինեն այդ մասով շտկում անելու, բայց, ինչպես հայտարարել ենք, պատրաստ ենք, եթե մյուս կողմը պատրաստ կլինի օգտվել նման կետերի կողմից մատուցվող ծառայություններից, մենք պատրաստ ենք:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան