Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը մերժել է ԱՄՆ դատարաններում դատական գործընթացները դադարեցնելու վերաբերյալ Անկարայի դիմումը՝ կապված ավելի քան հինգ տարի առաջ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի հետ:
2017 թվականի մայիսի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի ժամանակ նրա անվտանգության ուժերը դաժան ծեծի էին ենթարկել ցուցարարներին, որոնց մեջ եղել են նաև հայ համայնքի ներկայացուցիչներ՝ բողոքելու Էրդողանի և Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ: Բողոք ներկայացրած ցուցարարները պնդում են, որ իրենց բռունցքներով ու ոտքերով դաժանորեն ծեծել են:
Անկարան պնդում է, թե ամերիկյան օրենսդրությունը պաշտպանում է օտարերկրյա պետություններին դատական հայցերի մեծ մասից, սակայն ամերիկյան դատարանից նշել են, որ պաշտպանության այդ միջոցները չեն տարածվում նման գործերի վրա: ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունից էլ պարզաբանել են, որ նման պարագայում Թուրքիայի դեմ կարող է հայց ներկայացվել՝ Անկարան իրավական անձեռնմխելիություն չունի։