Նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ/USAID) կառավարչի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ, դեսպան Էրին Էլիզաբեթ ՄըՔիին:
Զրուցակիցներն անդրադարձել են ԱՄՆ ՄԶԳ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին, մտքեր փոխանակել համագործակցության հետագա ընդլայնման և նոր նախաձեռնությունների իրականացման շուրջ։
ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ԱՄՆ և, մասնավորապես, ԱՄՆ ՄԶԳ հետ համագործակցության դերը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման և բարեփոխումների իրականացման գործում:
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր:
Այս համատեքստում Պարույր Հովհաննիսյանն Էրին Էլիզաբեթ ՄըՔիին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքնով ստեղծված իրավիճակը:
Մտքեր են փոխանակվել ՀՀ տուժած սահմանամերձ գոտիներում հումանիտար բնույթի հարցերը հասցեագրելու ուղղությամբ հնարավոր փոխգործակցության շուրջ: