Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են, որ առաջիկայում Թեհրանը ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կստորագրի։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
«Պայմանավորվել ենք մոտ ժամանակներս Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքման հարցում»,- ասել է պաշտոնյան:
Ռուսաստանի և Իրանի ընկերություններն արդեն պայմանավորվածություններ ունեն մեքենաշինության, ավտոմոբիլային արդյունաբերության, ավիաշինության ոլորտում համատեղ նախագծերի վերաբերյալ:
«Արդեն կան համատեղ նախագծեր, պայմանավորվածություններ ռուսական և իրանական ընկերությունների միջև անհրաժեշտ համատեղ ձեռնարկությունների կազմավորման և համապատասխան բաղադրիչների մատակարարման վերաբերյալ»,- նշել է Նովակը: