ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, ներկայացնելով իր ղեկավարած կառույցի բյուջետային ծրագրերը, նշել է, որ «Քաղաքաշինության և ճարտարապետության բնագավառում պետական քաղաքականության իրականացում և կանոնակարգում» ծրագրի շրջանակում 2023 թ. համար նախատեսվել է շուրջ 2 մլրդ 30 մլն դրամ` ներառյալ կառավարման ապարատի պահպանման ծախսերը՝ 685 մլն:
Ծրագրի նպատակն է շարունակել քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց հանդիսացող նորմատիվ փաստաթղթերի մշակումն ու շարունակական արդիականացումը, դրանց ներդաշնակեցումը միջազգային նորմերին, տարածքների և բնակավայրերի կայուն քաղաքաշինական զարգացումն ու դրան նպաստող համայնքների համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակումը:
Նշված նպատակին հասնելու համար իրականացվելու են միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման 28 փաստաթղթերի մշակման աշխատանքներ. Լոռու մարզի՝ 14, Կոտայքի մարզի՝ 10, Շիրակի մարզի՝ 4:
Մշակվելու և տեղայնացվելու է 18 նորմատիվ-տեխնիկական փաստաթուղթ:
Կմեկնարկեն Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասի կառուցապատման, Շիրակի մարզի Աշոցք համայնքում նոր բնակելի թաղամասի նախագծման, ինչպես նաև անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները:
Նախատեսվում է ապահովել կարևորագույն նշանակության շենքերի և շինությունների անվտանգ և մատչելի շահագործումը: Նպատակային թիրախներն են Երևան քաղաքում և մարզերում տեղակայված այն օբյեկտները, որոնք առավել օգտագործելի կամ շահագործելի են հանրության կողմից: 2023 թ. ընթացքում նշված ուղղությամբ նախատեսվում է իրականացնել Երևան քաղաքի 29 կարևորագույն նշանակության շենքերի տեխնիկական վիճակի զննության եզրակացությունների և շենքերի անձնագրերի ձեռքբերում:
Արմեն Ղուլարյանի հավաստմամբ՝ իր գլխավորած կառույցը քաղաքաշինական տարբեր խնդիրների լուծման շուրջ գործակցում է Կադաստրի կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի հետ: