ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հայաստանյան պատվիրակության կազմում հոկտեմբերի 27-29-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում մասնակցել է առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստին։
Եռօրյա այցի շրջանակում Հայաստանի ներկայացուցիչները հանդես են եկել ոլորտային զեկույցներով, լիտվացի գործընկերների հետ քննարկել առավել սերտ համագործակցության մի շարք հեռանկարներ, ծանոթացել Լիտվայի ներդրումային միջավայրի առավելություններին ու կարևորագույն նախաձեռնություններին։
Գևորգ Մանթաշյանը քննարկումների ընթացքում ներկայացրել է տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի ունեցած ձեռքբերումները, բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման նպատակով նիստի արձանագրության նախագծում ներառված ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջարկությունները, անդրադարձել է ավելի սերտ համագործակցության հեռանկարներին։
Նիստի ավարտին ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ երկու երկրների միջև երկկողմ համագործակցությունն ամրապնդող արձանագրություն:
Նիստից հետո հայկական պատվիրակությունը շրջայց է կատարել կենսատեխնոլոգիաների կենտրոնում, որտեղ քննարկվել են փոխգործակցության մի շարք հնարավորություններ: