ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են՝ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Գ. Ավետիսյանի, ՀՀ ֆինանսների նախարարության միջազգային համագործակցության վարչության պետի, Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչների և հրավիրված միջազգային փորձագետների մասնակցությամբ:
Հանդիպմանը քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի՝ Սիսիան-Քաջարան ճանապարհի (60 կմ) կառուցման ծրագրի իրականացման ընթացքը, փորձագետների կողմից ներկայացված առաջարկությունները, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի մոտեցումները, ինչպես նաև ծրագրի հետագա ընթացքն ապահովելունն ուղղված հետագա քայլերը:
Նախարարի տեղեկալը ողջունել է հյուրերին և նշել, որ անհրաժեշտ է ապահովել շահագրգիռ բոլոր կողմերի արդյունավետ համագործակցությունը՝ ծրագրի սահուն իրականացումն ապահովելու համար:
Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումները ծրագրի արժեքի, նախագծերի, ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ:
Քննարկման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել անցկացնելու պարբերական համատեղ հանդիպումներ՝ ծրագրի առաջընթացն ապահովելու և ծրագրային հարցերին հրատապ լուծում տալու նպատակով: